«Սյունիքում հայտնի դեպքերից հետո սկսվել են անհասկանալի ստուգումներ». Մեղրիի համայնքապետը՝ մաքսային տերմինալում և այլ բիզնեսներում ստուգումներ կատարելու մասին

Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցից և ժողովրդի դիմադրությանը արժանանալուց հետո, իրավապահ համակարգի ներկայացուցիչները սկսեցին բերման ենթարկել մարզի մի շարք համայնքների ղեկավարների, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին։

Նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանը չանդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործին, կարծիք չհայտնեց՝ նշելով, որ փաստաբանն է դրանով զբաղվում։

Անդրադառնալով հայ-իրանական սահմանի Մեղրիի մաքսատան չգործելուն, որի վերաբերյալ տեղեկատվություն էին հայտնել լրատվամիջոցները, նշելով, որ այնտեղ մեքենաների կուտակումներ կան և մաքսատան աշխատանքները դադարեցվել են, քանի որ նման հրահանգ է տվել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, Մխիթար Զաքարյանն ասաց, որ այս հարցի հետ կապված տարընթերցում է եղել։

«Ոչ թե մաքսակետը չի աշխատում, այլ մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։ Այն մասնավոր գործունեության տեսակ է՝ պետության կողմից լիցենզավորված, Մաքսային կոմիտեն է թույլատրում։ Այն իմ ընտանիքի սեփականությունն է, իմ կնոջ սեփականությունն է, որը 2004 թվականից ձեռք է բերվել։ Հիմա Սյունիքում հայտնի դեպքերից հետո սկսվել է  անհասկանալի ստուգումներ, ստուգում են հակահրդեհային համակարգը, ռենտգենի ապարատը, որի հետ կապված որոշակի անսարքություներ են եղել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Ըստ նրա, ռենտգեն ապարատ ունենալը տերմինալի լիցենզիայի պահանջներից է, որը ստեղծման օրվանից պետք չի եկել, ուղղակի պահանջը եղել է՝ ունեցել են։

«Ստուգումների ժամանակ դրա մեջ անսարքություն են տեսել։

Ի դեպ, Հայաստանում 13 տերմինալ կա, 13-ում էլ ուսումնասիրություններ են արել, ընթացակարգն այնպես է, որ նման մանր թերությունների դեպքում, որոնք լուրջ խախտումներ չեն, 15 օր ժամանակ են տալիս շտկելու։ Հիմա ապրիլի 21-ից բանավոր հրամանով տերմինալի աշխատանքները դադարեցրել են, անընդհատ դիմում էինք, թե ինչի հիման վրա է դադարեցվել տերմինալի գործունեությունը։ Հիմա այս ամենի հետևանքով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատը, «Մեղրու ճանշինը»  պետք է 85 կմ հեռու գնան, հասնեն Կապանի տերմինալ, և այնտեղ մաքսազերծեն ապրանքը ու նորից հետ վերադառնան։ Իրանցի կամ հայ վարորդների լոգիստական վճարված է մինչև Ագարակի տերմինալ՝ մաքսակետ, հիմա քանի որ դրա գործունեությունն արգելել են, բեռները կուտակվել է, մարդիկ չեն ուզում քշեն, որովհետև լրացուցիչ մեծ ծախսեր է պահանջվում»,- հավելեց Մխիթար Զաքարյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ տերմինալում չկան այնպիսի խախտումներ, որի վերաբերյալ պատկան մարմինները հայտարարում են։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մեղրիի տերմինալում հայտնաբերել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են նրա գործունեության հետ. «Իմ հրամանով մաքսային պահեստի թույլտվությունը, լիցենզիան կասեցվել, դադարեցվել է: Կշտկեն, կվերանայենք»,- ասել էր ՊԵԿ նախագահը։

«Խախտումը միայն այդ ռենտգենի սարքն է, որը միայն ուղևորի ուղեբեռի համար է, իսկ այնտեղ որևէ ուղեբեռ կամ փոքր բեռ չի լինում, մաքսազերծումը կատարվում է  բեռների հետ։ Այդ անսարքությունը վաղն արդեն վերացած կլինի, հարկային մարմինները ստուգումներ են անցկացնում նաև իմ ընտանիքին պատկանող բիզնեսում»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս