«Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար մինչև էսօր իմ զորքն այնտեղից չեմ հանում»․ Սասուն Միքայելյան

«Էս ամենից խուսափելու համար մենք պետք է կարողանանք լինել համախմբված, հզոր, նորմալ պետություն, հզոր բանակ ունենանք, որ նման արհավիրքի առաջ չկանգնենք»,– կեսօրից հետո Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամանալու կոչեր է հնչեցնում․ Սասուն Միքայլեյանն ասաց․

«Դուք ինձ հարց տվեք, ես Միքայելյան Սասունն եմ՝ պատգամավոր, Երկրապահի նախագահ։ Հարցն ինձ ուղղեք էլի, ես չեմ եկել ստեղ վերլուծեմ, ով ինչ է ասում։ Ես որպես պատերազմ անցած մարդ ձեզ ասում եմ՝ մենք ունենք դարավոր թշնամի դա թուրքն է, որ միշտ պետք է զգույշ լինենք, միշտ պետք է փայտը ձեռքներիս լինի»։

Լրագրողները Սասուն Միքայելյանին հարցրեցին, թե արդյո՞ք նրան չի մտահոգում Զինված ուժերում, Գլխավոր շտաբում ընթացող զարգացումները:  ԵԿՄ վարչության նախագահը պատասխանեց, որ մեր երկրի հետ կապված ցանկացած բան իրեն մտահոգում է․

«Պատերազմի սկզբից մինչև այսօր երկրապահը սահմաններում է, Սյունիքում է և մի օր դուրս չի եկել։ Մենք կանգնել ենք սահմաններում, որ մեր բանակն ազատ լինի, իր գործողությունն անի, հզորանա, համալրվի և մարտունակ տեսքի գա, որ մեր սահմանները պաշտպանի»։

Միքայելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցին և այնտեղ տեղի ունեցած միջադեպին

«Էտի մի քանի մարդու  ընդհանուր ձեռագիր էր, որն ինչ–որ տեղ գալիս է նախորդ ինչ–որ մարդկանցից, որ ուզում են վերաարտադրվեն, հասկանում եք։ Ավելի ճիշտ կլիներ իմ մտածելակերպով՝ սյունեցիք հավաքվեին, սյունեցի՛ք, բուն սյունեցիք, որ իրենց երկրի համար մտահոգ են, իրենց տարածաշրջանի և վարչապետի առաջ հարց դնեին՝ մեր հետագա գործունեությունը, մեր տարածաշրջանում ինչ է կատարվելու։ Մենք պետք է կարողանանք գանք քաղաքական դաշտ, եթե մենք չկարողանանք գանք քաղաքական դաշտ՝ բռնությունները, պահի տակ ոգևորվելը, էս ամեն ինչը էսօրվա իրավիճակում հատկապես մեզ շատ ավելի վատ բաների առաջ կկանգնեցնի․․․ Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ մինչև էսօր իմ զորքն այնտեղից չեմ հանում․․․»։

Տեսանյութեր

Լրահոս