«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց դրա սկզբնապատճառների վերացման»․ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Politique Internationale-ին տված ծավալուն հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք համարել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես դա պնդում են Բավում, ասել է․

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունմամբ ձեռք բերվեց բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հոկտեմբերի 10-ի, 18-ի և 26-ի երեք անհաջող փորձերից հետո 2020թ.-ի նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած նոր հրադադարի պահպանման հուսալիությունը և ամրությունը երաշխավորվեց Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքով։

Ռուսաստանի ջանքերով դադարեցվեցին ռազմական գործողությունները, կասեցվեց հումանիտար աղետը։ Դա կարևոր ձեռքբերում է։ Սակայն, կայուն կարգավորումից դեռ հեռու ենք։

Եթե համեմատելու լինենք, թե ինչ է եղել համանախագահ երկրների հովանու ներքո բանակցային գործընթացի նյութը, որը բարձրացվել էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների մակարդակի և այն, ինչ ունենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի արդյունքներով, ապա ակնհայտ է դառնում, որ պատերազմը բնավ չի նպաստել հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը, այլ՝ ընդհակառակը։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց համատեղ հայտարարությունների մեջ բազմիցս շեշտել են և՛ Դովիլում, և՛ Լոս-Կաբոսում, և՛ Էնիսկելենում, որ ուժի կիրառումը չի հանգեցնելու հակամարտության լուծմանը, այն միայն ունենալու է աղետալի հետևանքներ տարածաշրջանի բնակչության համար, կերկարացնի նրա տառապանքները, կհանգեցնի բազմաթիվ մարդկային կորուստների, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճին։

Հենց դրա ականատեսն ենք դարձել պատերազմի արդյունքներով։ Եվ, ի դեպ, նախագահները հայտարարում էին, որ ռազմական ուժի նոր կիրառումը դատապարտվելու է միջազգային հանրության կողմից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնապատճառը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումն է Բաքվի կողմից։ Ե՛վ առաջին, և՛ վերջին պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այս հիմնարար իրավունքի իրացումը կանխելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց դրա սկզբնապատճառների վերացման»։

– Ի՞նչ ստացավ Ադրբեջանը վերջին պատերազմի արդյունքում։

– Վերջին պատերազմի արդյունքում, ստանալով վերահսկողություն Արցախին հարակից  յոթ շրջանների վրա և զավթելով ԼՂՀ զգալի մասը, դրան էլ գումարած որպես բոնուս պարտադրելով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ կապող հաղորդակցության մասին պայմանավորվածությունը՝ Բաքուն ձևացնում է, թե այժմ բոլոր հարցերը լուծված են, հակամարտությունն ավարտված է։ Սակայն, դա բնավ այդպես չէ։

Պատահական չէ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի Տիրանայի նստաշրջանի շրջանակներում 2020թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին բանակցություններ անցկացնել մնացած չլուծված հարցերի կարգավորման նպատակով՝ հայտնի Հիմնարար սկզբունքների և տարրերի համաձայն, որոնք մանրակրկիտ ներկայացրեցի նախորդ հարցերին պատասխանելիս։ Իսկ նման չլուծված հարցերը շատ են։

– Ի՞նչ ասել է «չլուծված հարցեր»։

Է.Ն. – Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ նրա բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման անկյունաքարային հարցը մնում է բաց։ Հենց այն է կարմիր թելով անցել համանախագահ երկրների բոլոր առաջարկների մեջ, քանի որ նրանք հասկանում էին և հասկանում են, որ առանց դրա հակամարտության կարգավորման մասին խոսելն ինքնախաբեություն է։

Այսօր, 2020թ.-ի աշնան պատերազմից հետո Բաքուն մի կողմից պնդում է, թե կարգավիճակի հարցը փակված է, իսկ մյուս կողմից չի թաքցնում, որ ծրագրում է փոխել տարածաշրջանի բնակչության ժողովրդագրական կազմը ոչ միայն հակամարտության արդյունքում տեղահանվածների վերադարձի, այլև այնտեղ զգալի թվով նոր բնակիչների վերաբնակեցման հաշվին, որպեսզի հեռանկարի առումով փակի կարգավիճակի մասին հարցի բարձրացման հնարավորությունը։ Ակնհայտ է, որ ապագայում ազատ կամարտահայտության ճանապարհով կարգավիճակի հարցի լուծման պարագայում, դրան մասնակիցների շուրջ մոտեցումը պետք է մնա նույնը, ինչ տարիներ շարունակ եղել է համանախագահների դիրքորոշումը․ այն պետք է լինի բնակչության նույն հարաբերակցությամբ, ինչպիսին դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988թ-ին մինչև հակամարտության սկիզբը։ Եթե այդպիսի մոտեցում է եղել որդեգրված առաջին պատերազմին հաջորդած ամբողջ շրջանում, ապա ի՞նչ պատճառով այն պետք է փոխվի վերջին պատերազմից հետո։

Նրանք, ովքեր ասում են, թե պատերազմը փոխել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դա պետք է ճանաչել որպես կատարված փաստ, ջուր են լցնում Ալիևի ջրաղացին։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ինքն ապացուցեց, որ ուժի իրավունքը միջազգային հարաբերությունների գլխավոր գործիքն է, ուստի աշխարհն իբր ընդունում է այն, որպես կայացած իրողություն, ինչին հասել է Ադրբեջանը ուժի կիրառմամբ։ Արդյո՞ք միջազգային հանրության համար ընդունելի է այս մոտեցումը։

Ռազմական գործողությունների դադարեցման ձեռքբերումից հետո անհրաժեշտ է փնտրել ելքեր դեպի համապարփակ, կայուն կարգավորում։

– Որքանո՞վ են կողմերը պատրաստ կատարելու 2020թ-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները։

– Ես հարցը փոքր-ինչ այլ կերպ կվերաձևակերպեի․ որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ իրագործելու պայմանավորվածությունները։

Նախորդ տարիների փորձը դա կասկածելու հիմքեր է տալիս։ Այսօր էլ, իրեն ձեռնտու պայմանավորվածությունների հարցում Բաքուն ակնկալում է ոչ միայն դրանց աներկբա իրագործում, այլև փորձում է դրանք համալրել նոր պահանջներով։ Ինչ վերաբերում է մնացած այլ պայմանավորվածությունների իրագործմանն, ապա անմիջապես ի հայտ են գալիս կասկածներ և դժկամություն։

Դա ակնհայտ երևում է Հայտարարության 8-րդ կետից, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիերի փոխանակմանը։ Չնայած համանախագահող երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից այդ հանձնառության անհապաղ իրագործման վերաբերյալ ներկայացրած պահանջներին, Բաքուն այդ խիստ զգայուն հումանիտար հարցը դարձրել է առևտրի, շահարկման և շանտաժի առարկա։

– Արդո՞ք այլ բաց հարցեր կան։

– ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում արդեն հիշատակված հայտարարության մեջ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել են տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Դժվար է հավատալ, որ Ադրբեջանն իսկապես ականջալուր կլինի դրան։ Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, կրոնական սրբատեղեր, գերեզմանատներ, հազարավոր միջնադարյան խաչքարեր՝ հետապնդելով այնտեղ դարեր շարունակ ապրող ժողովրդի պատմական, մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման նպատակը։ Այսօր էլ, ինչպես և նախկինում, Բաքուն ՅՈՒՆԵՍԿՈ-յի առաքելության և այլ իրավասու միջազգային կառույցների ներկայացուցիչների համար խոչընդոտներ է ստեղծում մշակութային և կրոնական հուշարձանների մշտադիտարկման և պաշտպանության նպատակով տարածաշրջան ժամանելու հարցում։

Բաքուն փորձում է ամբողջ աշխարհին համոզել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ արցախահայությունն էլ նրա քաղաքացիներն են և կարող են ապրել որպես այդպիսիք ադրբեջանական «տոլեռանտ, հանդուրժողական հասարակության» պայմաններում։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, եթե մինչև հիմա ադրբեջանական դասագրքերի մեջ հայերը ներկայացված են իբրև ոխեմի թշնամիները, եթե հայերին գլխատողներին Ադրբեջանի ղեկավարությունը հռչակում է հերոսներ և երիտասարդությանը կոչ է անում հետևելու նրանց օրինակին։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ նախազգուշացնում են հայկական ազգանուններով իրենց քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում, քանի որ այնտեղ նրանք կարող են հետապնդման ենթարկվել միայն այն պատճառով, որ հայեր են։ Իրականությունն այնպիսին է, որ այլ երկրների հայ քաղաքացիները Ադրբեջան ժամանելիս հայտնվում են բանտարկության մեջ։ Համաձայնեք, որ դա հանդուրժողականության բավականին յուրօրինակ դրսևորում է։ Ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախի յուրաքանչյուր բնակչի, որը կհայտնվի Ադրբեջանի «հոգատար» իշխանությունների ձեռքում։

Դեռևս անհրաժեշտ է երկար աշխատել անհանդուրժողականության, ատելության այդպիսի դրսևորումների հաղթահարման վրա, որոնք դուրս են գալիս քաղաքակիրթ աշխարհի տարրական կանոնների շրջանակից։ Սակայն, դրան հնարավոր կլինի անցնել միայն հակամարտության համապարփակ կարգավորումից հետո։ Վերջին պատերազմը, ինչպես և նախորդ բոլոր ռազմական գործողությունները, պատերազմի հանցագործությունները հումանիտար իրավունքի ամենակոպիտ խախտումները բնավ դրան չեն նպաստում։ Այո՛, համանախագահող երկրների նախագահները իրավացի էին, երբ ասում էին, որ ուժի կիրառմամբ հնարավոր չի հասնել հակամարտության կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս