«Եթե մենք ադրբեջանցի գերի չունենք Հայաստանում, ապա այդ հարցն այլ ձևով պետք է լուծվի». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների խնդրին, հարց ուղղեց լրագրողներին. «Դուք չտեսա՞ք, որ գերիների հարցն անմիջապես տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Սա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը։ Դրանով էր պայմանավորված, որ գեներալ Մուրադովը գնացել էր, որպեսզի գերիներին ուղեկցեր Հայաստան»։

Հարցին՝ Մուրադովն անկարո՞ղ եղավ հայ գերիներին վերադարձներ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը դեռ չի կարող հնչեցնել։

«Ես ինտուիցիայով հասկանում եմ, թե ինչ է կատարվում, սակայն Պաշտպանության հանձնաժողովի նախագահն այդ մասին չի կարող հնչեցնել։ Նախ, որ գերիները ֆիքսված են, և Ադրբեջանի իշխանությունն ընդունել է նրանց առկայությունը, անուն առ անուն, այստեղ նրանց անձնական անվտանգության հետ կապված խնդիր այլևս չկա։ Խնդիր ունեն անհետ կորածները, որոնք եթե  գերեվարվածներ են, նրանց օր առաջ պետք է գտնել ու լուծել այդ խնդիրները։ Որպես կանոն՝ գերիները փոխանակվում են գերիների հետ, եթե մենք ադրբեջանցի գերի չունենք Հայաստանում, ապա այդ հարցն այլ ձևով պետք է լուծվի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ գուցե Ադրբեջանը սպասում է, որպեսզի Թուրքիայի իշխանություններն էլ մասնակից լինեն խնդրի լուծմանը։

Թե ինչպե՞ս, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բարի կամքով. «Գուցե ցանկություն կա, որ պարոն Պուտինն ու Էրդողանը միմյանց հետ մի հատ էլ խոսեն, չեք տեսնում դա»,- շեշտեց Ա. Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, այդ թեման փակված է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե մինչև արտգործնախարար նշանակվելը, Բայրամովը կրթության նախարար էր, ուստի չի կարծում, որ նրա  ասածները բխում են այսօրվա իրողություններից։

«Իրենց հիմա դիտարկում են՝ որպես ահաբեկիչներ, պետք է նրանց բացատրել, թե այդ խնդիրը ոնց է առաջացել, դա իրենց ճաշակով չպետք է թելադրվի։ Արտգործնախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ ինչ-որ պայմանավորվածություններ չեն կատարվել, ստիպված ասում է, թե նրանք ռազմագերիներ չեն։ Գերիների հարցը չի կարող չլուծվել, ժամկետ չեմ կարող նշել, դա աշխատանք է և դա հրապարակային աշխատանք չպետք է լինի, դա պետության առաջնահերթ պարտավորությունն է»,- հավելեց նա։

Նա անդրադարձավ նաև գերիների ծնողների գործողություններին, որոնք փակել են Պաշտպանության նախարարության մուտքերը, ինչով, ըստ պատգամավոր Քոչարյանի՝  խոչընդոտում են երկրի անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմը։

Նա շեշտեց, որ գերիների հարցին պետք է սառնասրտորեն մոտենան՝ գիտակցելով, թե ինչ ցավ են ապրում գերիների հարազատները։

«Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է Բաքու գնար, ինքնաթիռը կարող էր գնար, բայց Մուրադովը պետք է մեջը չլիներ։ Իհարկե, խախտվել է ինչ-որ բան, ինչն այս քննակման մեջ դուք չեք գտնելու, դրա պատճառներն այլ հարթությունում կունենան լուծումների այլ ձևաչափ։

Ինչ-որ տեղից արտահոսքեր են տեղի ունենում, օր, ժամ առաջ ծնողներին անընդհատ լարվածության բան են փոխանցում, բայց դա կառավարվում է։ Սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաք, հետո բանակին հանգիստ թողեցինք, էդ խնդիրը լուծվեց, հիմա գերիների խնդիրն ենք խաղացնում ինչ-որ քաղաքական նպատակներով։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները պետք է պատճառ չդառնան, որ դա հակառակորդի ձեռքին խաղալիք դարձնենք»,- նշեց պատգամավորը։

Նա նաև զարմացած լրագրողներին հարցրեց, թե չե՞ն տեսնում, որ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը լուրջ ձեռքբերում է  գրանցել, խոսքը գերիների հարցի վերաբերյալ է։

Ինչ վերաբերում է  Թուրքիայի հետ հարաբերություններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միշտ ասել է, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, ավելին՝ Արցախի առաջին պատերազմի ընթացքում էլ խոսում էին, ինքն էլ լինելով Սյունիքի պարետ՝ խոսում էր Նախիջևանի ներքին գործերի նախարարի հետ։

«Պատերազմում էինք և խոսում էինք, բա պետք է խոսենք, եթե մենք չխոսենք, ուրիշը կխոսի։ Օրակարգում խոսելն ավելի լավ է, քան կրակելը»,- եզրափակեց նա։

Ի դեպ, համացանցում տեղադրված Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունում ամրագրված է, որ նա 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1991-1995 թթ.՝  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Որևէ տեղեկություն չգտանք, որ պատգամավորն առաջին պատերազմի տարիներին եղել է Սյունիքի պարետ:

Տեսանյութեր

Լրահոս