«Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ որպես միակ փրկօղակ, սպասում էր ՍԴ հենց այսպիսի որոշմանը. դատախազությունը չի կողմնորոշվում՝ ինչ անի». Միհրան Պողոսյան
«Սահմանադրական դատարանի որոշման կայացումը հենց մարտի 26-ին ինքնին հիմք էր, որպեսզի քրեական հետապնդումը տեղում դադարեցվի այդ հոդվածով մեղադրվող յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Ես տեսաերիզի վրա ձայնագրել էի ՍԴ որոշման հրապարակման պահը և դատարանին էի ներկայացրել երկուշաբթի առավոտյան: Սա արել էի, որ, եթե տիկին Դանիբեկյանը չէր հետևել մամուլին ու ՍԴ որոշմանը ծանոթ չէր, ես տեսաերիզով ներկայացրել էի, որ որտեղ նա լիներ, այդ տեսանյութը հետազոտելով՝ նա կհայտնաբերեր քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ 300.1 հոդվածի բացակայությունը քրեական օրենսգրքից»,- անդրադառնալով երեկվա դատական նիստի ընթացքում տեղի ունեցածին՝ 168.am-ին ասաց ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով անցնող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը համոզված է, որ դատավորը՝ որպես միակ փրկօղակ, սպասում էր ՍԴ հենց այսպիսի որոշմանը, որովհետև այս որոշմամբ հիմք էր ստեղծվել այս խայտառակ գործից ազատվելու թե պետության, և թե Աննա Դանիբեկյանի համար: Ըստ նրա՝ սա նաև Գլխավոր դատախազության համար էր ճիշտ ու օրինական ճանապարհ՝ ձերբազատվելու համար այս քրեական գործից:
«Իրականում այս քրեական գործը, ինչպես ջուր կար 2018թ., այնպիսին էլ հիմա է, միայն թե այդ ջուրն ավելի կեղտոտ է: Այս 3 տարվա մեջ այդ քրեական գործում այնքան անօրինություններ են կատարվել, որ այս ամեն ինչից մաքրվելու լավագույն տարբերակն արժանապատվորեն բարձր դատարանի որոշումն ընդունելն էր: Դատախազության համար լավագույն տարբերակը՝ ընդունել իրենց պարտությունը, ներկայանալ դատարան ու հրաժարվել մեղադրանքից: Հասարակության առաջ այս գործի ընթացքի վերաբերյալ բացատրություններ տալուց խուսափելու համար՝ որպես քավության նոխազ, ընտրվում է ՀՀ գլխավոր դատախազությունը, որովհետև նրան ներքաշել են այս պրոցեսի մեջ, և հիմա իշխանություններն ասում են՝ եթե դուք 3 տարի այս պրոցեսի մեջ եք, հիմա էլ պատասխան տվեք»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը կարծում է, որ երեկ դատը հետաձգվեց ոչ թե իրավական հիմնավորումներով, այլ, որովհետև իշխանությունը տուրք է տվել մեղադրանքը փոփոխելու՝ իշխանություններին մերձ շրջանակի պահանջներին, և հիմա այդ գործողության իրականացումը սպասում է դատախազությունից:
«Դատախազությունը չպետք է տրվի իշխանությունից եկող այդ բոլոր հրահանգներին և, ի վերջո, պետք է իր խոսքն ասի ու նշի, որ այլևս դադարեցնում է իշխանության կամ որոշ շրջանակների քմահաճույքներով անձանց մեղադրանք առաջադրել, քրեական գործեր հորինել: Երեկվա հետաձգումը, ըստ իս, հենց կապված էր նրա հետ, որ դատախազությունը չի կողմնորոշվում՝ տուրք տա՞ իշխանությունից եկող այդ մեսիջներին, թե՞ գործի՝ որպես իրական գլխավոր դատախազություն»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում