«Դուք չե՞ք հասկանում, որ դատախազներն իրենց մեղքը փորձում են գցել Ձեզ վրա, Դուք կուզե՞ք, որ Ձեզ դատի Ձեզ նման դատավորը, Դուք Ձեզ կողքից նայե՞լ եք». պաշտպանները՝ Աննա Դանիբեկյանին
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Սահմանադրական կարգի տապալման այդ հոդվածը ՍԴ 8 անդամների կողմից Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող ճանաչվեց Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կասեցված և ՍԴ ուղարկված քրեական գործի շրջանակներում: ՍԴ-ն գտել էր, որ 300.1 հոդվածը հակասում է որոշակիության և համաչափության սկզբունքին: Նկատենք, որ 300.1 հոդվածով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում անցկացրել է 537 օր:
Հիշեցնենք, որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրան օժանդակելու մեջ մեղադրվում էին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնում էր նրա փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
Այդ վճռից հետո այսօր առաջին դատական նիստն է տեղի ունենում Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Նիստին ներկա են այս գործով անցնող բոլոր անձինք, բացակայում են մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և մյուս դատախազները:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Գևորգ Բաղդասարյանի դիմումը, ըստ որի՝ վերջինս տեղեկացնում էր, որ ՍԴ որոշման հետ կապված՝ ծավալուն միջնորդություն է կազմում և խնդրում է հետաձգել դատական նիստը մինչև ապրիլի 6-ը: Պետրոս Պետրոսյանը որևէ միջնորդություն չէր ներկայացրել, և անհայտ է նրա բացակայելու պատճառը: Որևէ տեղեկություն չկա նաև մյուս դատախազներից:
Դատական նիստի սկզբին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց վերջապես քննության առնել իր գույքի վրա դրված կալանքը հանելու հարցով միջնորդությունը:
Քանի որ դատական նիստին ներկա չէր նաև պաշտպան Կարեն Մեջլումյանը, դատավորը ընդմիջում հայտարարեց, մինչ վերջինիս ներկայանալը: Րոպեներ անց Կարեն Մեջլումյանն արդեն դատական նիստերի դահլիճում էր: Պետրոս Պետրոսյանը դեռ չի ներկայացել: Չկան նաև գործով մեղադրող մյուս դատախազները:
Դատական նիստը սկսելուն պես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին մեղադրեց չեղած հոդվածով քրեական հետապնդումը շարունակելու մեջ, մինչ դատախազները հասկանան՝ ինչ են անելու, ինչպես են սրա տակից դուրս գալու: Հայկ Ալումյանը նշեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այս պահին հանցանք է գործում:
Շարունակելով՝ Արամ Վարդևանյանը պնդեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա 300.1 հոդվածը, և այս պարագայում անհնար է շարունակել այս գործով դատաքննությունը, ինչ է թե՝ դատախազները ներկա չեն դատական նիստին:
«Հարգելի դատարան, Դուք արդյո՞ք չեք վիրավորվում, որ դատախազները Ձեզ մոտեցնում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի: Դուք չե՞ք հասկանում, որ դատախազներն իրենց մեղքը փորձում են գցել Ձեզ վրա: Դատախազները Ձեզ ճնշում են, ինչո՞ւ եք Դուք դա թույլ տալիս»,- դիմելով Աննա Դանիբեկյանին՝ ասաց Արամ Վարդևանյանը:
Պաշտպանական թիմի մյուս անդամ Հովհաննես Խուդոյանը կրկնեց գործընկերների միտքը՝ խնդրելով նրան տուրք չտալ դատախազների քմահաճույքներին, անհրաժեշտության դեպքում կես ժամ ընդմիջում հայտարարել ու պահանջել դատախազներին ներկայանալ նիստին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական անգամ արգելեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանին դիրքորոշում հայտնել դատախազների գործողության վերաբերյալ: Պաշտպանը դատավորի արարքն ուղիղ հանցագործություն որակեց:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ կարծիք հայտնեց, որ դատախազները նիստին չեն ներկայացել, որովհետև կորցրել են հետաքրքրությունն այս գործի նկատմամբ: Նա նաև ասաց, որ կիսում է իր գործընկերների մոտեցումը երևույթի ու տեղի ունեցողի նկատմամբ:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ դատավոր Դանիբեկյանը նախօրոք դատախազների հետ համաձայնեցված որոշում է ունեցել ու նոր միայն ներկայացել է դատական նիստերի դահլիճ:
«Դուք արդեն որոշումը կայացրել եք այսօրվա դատական նիստը հետաձգելու և այս ապօրինի քրեական հետապնդումը շարունակելու համար: Ես այսօր այստեղ եկել էի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերցնելու: Դուք ամենաառաջին մարդն եք եղել, որ մարտի 26-ի երեկոյան ուշիուշով հետևել եք ՍԴ որոշման հրապարակմանը, որովհետև այս որոշումը Ձեզ համար փրկության շող է եկել: Դուք կուզե՞ք, որ Ձեզ դատի Ձեզ նման դատավորը, Դուք Ձեզ կողքից նայե՞լ եք»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ պահանջելով անմիջապես դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը:
Միհրան Պողոսյանի ելույթը, չգիտես ինչու, դուր չեկավ դատական կարգադրիչներից մեկին, և վերջինս փորձեց լռեցնել նրան, ինչը չհաջողվեց:
Պաշտպան Արամ Օրբելյանն էլ պահանջեց, անկախ նրանից՝ դատավորը կորոշի հետաձգե՞լ դատական նիստը, թե՞ ոչ, իրենց տրամադրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունները:
Դիրքորոշում հայտնեց նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
«Ես դեռևս ՀՀ քաղաքացի եմ, ինչպես Դուք: Ես և Դուք ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: Դուք, ի տարբերություն ինձ, պարտավորություն ունեք թույլ չտալ, որ ինձ վիրավորեն»,- դիմելով Աննա Դանիբեկյանին՝ ասաց Արմեն Գևորգյանը:
Ի վերջո, դատավորը որոշեց գործի քննությունը հետաձգել մինչև ապրիլի 2-ը, ժամը 13:00-ն, ու այդ դատական նիստում քննարկել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում