«Ուրախ կլինեմ, որ Խաչատուր Սուքիասյանը և իր նման պատմություն ունեցող մարդիկ լինեն խորհրդարանում»․ Ալեն Սիմոնյան
«Դա պարոն Աղազարյանի մասնավոր կարծիքն է, որի վերաբերյալ վերջնական մեկնաբանություն կարող եմ անել ամբողջ նյութը տեսնելուց, լսելուց հետո»,- ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «մեզ ի՞նչ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Իշխանական պատգամավորի մյուս աղմկահարույց հայտարարությանը, թե՝ Քարվաճառը հայկական չէ, և կա՞ դուխով մեկը Հայաստանում, որ կարող է աշխարհին ասել, որ Քարվաճառը մերն է եղել, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Կրկնում եմ, հարցազրույցն ամբողջությամբ դիտելուց հետո նոր կարող եմ մեկաբանել իմ գործընկերոջ կարծիքը: Փորձերը՝ այն վերագրել ընդհանուր իշխանության կարծիքին, ապարդյուն են, որովհետև դուք գիտեք, թե պաշտոնական դիրքորոշումը ոնց է արտահայտվում և ում կողմից է արտահայտվում, և 85 պատգամավորների հարցազրույցներից բառակապակցություններով և նախադասություններով փորձել որևիցե շահարկում անել՝ ես ձեզ ուղղակի թույլ չեմ տա»:
Լրագրողի հարցին՝ Ձեր կարծիքով՝ Քարվաճառը մե՞րն է, Ալեն Սիմոնյանն ուղիղ պատասխան չտվեց․
«Ես կրկնում եմ այն, ինչ որ ես մշտապես ասել եմ, որ ես համարում եմ այն ամբողջ տարածաշրջանը, որը որ Հայոց աշխարհ է կոչվում, որը հիմա կարող է, ինչ-ինչ պատճառներով, գտնվում է տարբեր երկրների տարածքում՝ ես համարում եմ մեր հայրենիքը, որովհետև իմ նախնիները կոնկրետ Կարսից են, և ես դա համարում եմ իմ հայրենիքը․․․ Իմ համար Հայոց ամբողջ լեռնաշխարհն իմ հայրենիքն է, որովհետև մամայիս կողմը ծնունդով Կարսից է, պապայիս կողմն էլ է Կարսից, ընդեղ տուն էլ ունենք մենք՝ երկաթյա մոստից անմիջապես աջից 2-րդ տունը, ես համարում եմ՝ դա էլ է իմ հայրենիքը, չնայած դա հիմա Թուրքիայի տարածքն է։ Ես Աղդամն էլ եմ համարում իմ հայրենիքը, որովհետև իմ պապերի պապերը այդտեղ են ապրել, որովհետև իմ եկեղեցիներն այդտեղ են․․․»։
Դիտարկմանը, որ իշխանությանը մեղադրում են՝ քարոզարշավը դեռ չսկսված քարոզարշավ անելու, ինչպես նաև վարչական լծակներ կիրառելու, նախընտրական խոստումներ տալու մեջ, մասնավորապես՝ ընտրություններին ընդառաջ Արմավիրի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ բնակիչներին խոստացան փողոցներն ասֆալտապատել, այսինքն՝ իշխանությունն անում է մի բան, որի համար ընդդիմություն եղած ժամանակ քննադատում էին նախորդ իշխանություններին, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Որովհետև իշխանությունները, ում որ մենք քննադատում էինք, այդ ասֆալտը երբևիցե չէին անում, և անում էին դա միայն ընտրություններից առաջ: Քարոզարշավը սկսվում է ընտրությունների հաջորդ օրվանից ի վեր, դա քաղաքագիտական աքսիոմ է, և այն իշխանությունը, ում դուք հիմա մեղադրում եք՝ վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ ասֆալտ է արել, քան նախկին իշխանությունները 5-10 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է մնացածին, դա հերթական այց էր, վարչապետը մշտապես եղել է շփման մեջ, և նույնիսկ դուք՝ լրագրողներդ, և որոշ չարախոսներ փորձում էին ակնարկել պատերազմից հետո՝ բա էն ժամանակ հեծանիվով էր էթում, էն ժամանակ մարդկանց հետ էր շփվում, հետո ասում էին՝ ինքը ոստիկանական պատնեշի միջոցով է Հայաստանով շրջելու, իսկ էն պարագայում, երբ որ վարչապետը գնում է և ժողովրդի հետ հանդիպում է՝ մեկ այլ տարբերակ են գտնում այդ բանը շահարկելու։ Ինձ ուրախացնում է մի բան, որ այս ընթացքում ես վարչապետի հետ 2 մարզ եմ այցելել, և այդ մարզերում ապրող ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է և իր գնահատականը տալիս է: Ուստի, կարծում եմ՝ այս հարցը օրակարգից պետք է հանել, որովհետև այսօվա իշխանությունն այն իշխանությունը չէ, որ ասֆալտ է անում կամ ինչ-որ գործողություն է անում միայն ընտրությունից առաջ»:
Հարցին՝ դրանով անհավասար պայմաններ չե՞ք ստեղծում ընդդիմադիր քաղաքական ուժերի համար, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ այսօր ամենաանհավասար պայմաններում գտնվում է ՀՀ իշխանությունը.
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը չունի այն ֆինանսական ռեսուրսները և այդ ֆինանսական ռեսուրսների հնարավորությունները, որն ունի այսօր ընդդիմությունը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ է և ավելի մրցակցային է իր ուժերով, իր ռեսուրսներով, քան գործող իշխանությունը, իշխանական թիմը, և դա փաստ է։ Միայն լրատվամիջոցներով կարող ենք դա գնահատել և հաշվարկել»:
Լրագրողի արձագանքին, որ իշխանություններն էլ մեկ տասնյակ լրատվամիջոց ունեն, Ալեն Սիմոնյանը զարմացած հարցրեց, թե ո՞րն է այդ շուրջ մեկ տասնյակը, որովհետև ինքը չգիտի․
«Ո՞րն է այդ շուրջ մեկ տասնյակը»։
Լրագրողի հարցին դուք չե՞ք բացել լրատվամիջոց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Ո՞րն է իմ լրատվամիջոցը, ես լրատվամիջոց ունե՞մ, հա՞։ Կասե՞ք՝ ոնց է կոչվում իմ լրատվամիջոցը»։
Լրագրողը պարզաբանեց, որ նկատի ունի այն լրատվական կայքը, որտեղ աշխատում է Ալեն Սիմոնյանի կինը։ Սիմոնյանն էլ հերքեց, որ այդ կայքն իրենց է պատկանում՝ նշելով, որ իր կինն ընդամենն այդ լրատվական կայքում է աշխատում։
Կրկին անցում կատարելով ընտրություններին, լրագրողները նկատեցին, որ պատերազմից հետո շատ է խոսվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգի բարձրացման մասին, և, որ շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու է հենց Ռոբերտ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը նախ ծիծաղեց, ապա ասաց․
«Շատ են խոսում էն մարդիկ, ում թվում է, որ իրենք այդ խոսելով՝ կկարողանան գումար աշխատել կամ գումար են աշխատում։ Ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում ԵԵրկրորդ, Երրորդ, Առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանց վարկանիշը, ինձ հետաքրքրում է էն 42 տոկոսը, որը հիասթափված է քաղաքականությունից և չի ուզում որևիցե մեկին սատարի։ Իսկ մնացած․․․, դուրս եկեք, գնացեք մոտակա գյուղը, մոտակա մարզը և ձեր ասած անձի անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս՝ մեքենայի շարժիչը չանջատեք այդ անունը տալուց: Ձեր ասած անձնավորությունները, երբ որ ունեցել են իշխանական լծակներ, ունեցել են գրեթե բոլոր հեռուստաալիքները իրենց տիրապետության տակ, իրենք այդ ժամանակ չեն կարողացել ընտրություններ հաղթել, հիմա թող իրանք իրանց հույս տան»:
Հարցին՝ եթե ընտրություններում հաղթի ներկայիս իշխանությունը, ինչպե՞ս են ապացուցելու, որ ընտրություններն արդար են եղել, կա՞ն այն մեխանիզմները, որ կասկած չլինի ընտրությունների թափանցիկ և արդար լինելուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևիցե մեկը որևիցե ապացուցելու բան չունի․
«Ես ապացուցելու բան չունեմ։ Մեզ մշտապես ասել են, որ ընտրությունները կեղծված չեն, բայց բոլորը իմացել են, որ Հայստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծված են եղել։ Հո իրենց ասելո՞վ չէ, մարդիկ կիմանան և մարդիկ գիտեն, չէ՞, ընտրությունը կեղծա՞ծ է, թե՞ կեղծած չէ։ Էն մարդկանց, ում թվում է, որ ընտրությունները կեղծվելու են, որովհետև իրենք, երբ հայելու մեջ նայում են, մտածում են՝ այ ես ընտրությունները կկեղծեմ, թող խաչակնքվեն, էդքանը»։
ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ նախընտրական բոլոր աշխատանքներն արդեն կատարվում են, այդ թվում՝ մարզերում։ Հարցին, թե ցուցակների հետ կապված փոփոխություններ կլինե՞ն, կա՞ն պատգամավորներ, որոնք այս ընթացքում իրենց լավ չեն պահել և չեն ընդգրկվի իշխանության ցուցակում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Կան պատգամավորներ, որոնք լքեցին «Իմ քայլը» դաշինքը, բնական է՝ իրենց հետ աշխատելն անհնար եմ համարում և նույնիսկ հիմա նրանց այսօրվա աշխատանքը համարում եմ, մեղմ ասած՝ ոչ լեգիտիմ, որովհետև իրենք, ըստ իս՝ ընտրվել են ցուցակով, այն տրամաբանության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ղեկավար եղել։ Մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է աշխատել»։
Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արդյոք գործարար Խաչատուր Սուքիասյանն իշխող ուժի հետ բանակցություններ ունեցե՞լ է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, հիշեցնելով գործարարի մամուլի խոսնակի վերջերս արված հայտարարությունը, որ Սուքիասյանը ընտություններին մասնակցելու առիթով տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի, բայց․
«Ուրախ կլինեմ, որ պարոն Սուքիասյանը և իրա նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձևով մասնակցություն ունենան։ Ես ընդհանուր մասնակցության մասին եմ խոսում, ես իմ պատկերացումն ունեմ, որ կան մարդիկ, որոնք, լավ կլինեն, որ լինեն Ազգային ժողովում և ներկայացնեն այդ խավի շահերը: Ես չեմ խոսում մեր ցուցակով կամ միասնական գնալու մասին: Ես, օրինակ, ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը անպայման Ազգային ժողովում ներկայացված լինի, էլի շատ ուժեր, օրինակ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը» կուզենամ մասնակցի պարտադիր, ներկայացված լինի: Նույնիսկ ՀՅԴ-ն կուզենամ, որ պարտադիր Ազգային ժողովում ներկայացված լինի»:
Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, որով 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն չհնչեցրեց անուն, թե ո՞վ էր կրակելու հրաման տվել․
«Սահմանադրական դատարանը չի ասել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, ՍԴ-ն ասում է, որ այն հոդվածը, որը մեղսագրվում է, դա հակասահմանադրական հոդված է։ Այդ որոշումը չի հակասում այն հայտարարությանը, որ Մարտի 1-ը բացահայտված չէ։ Եթե դուք հիմա այստեղից դուրս գաք, փողոցով ման գաք, ձեզ ամեն երրորդը կասի․․․»։
Լրագրողի պնդմանը՝ ասեք 10 անձի գնդակահարելու հրաման տվածի անունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Դուք մտնում եք քրեական գործի շրջանակի մեջ, որտեղ ես իրավունք չունեմ, եթե նույնիսկ ինֆորմացիա ունենամ, դա բարձրաձայն ասեմ, երկրորդը՝ ես այդ տեղեկություններին չեմ տիրապետում․․․»։