«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ՝ անցնի թոշակի». հոգեբան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Իրինա Ծատուրյանը լրագրողի հարցին, թե այժմ ի՞նչ հոգեվիճակում են պատերազմի ավարտից հետո Հայաստանում ապաստանած արցախցիները, ասաց, որ այն արցախցիները, որոնց հետ ինքը շփվում է, անորոշ վիճակում են:
«Այն խումբը, որոնց հետ մենք աշխատում ենք, Հադրութից և Շուշիից են, մնացել են նույն սպասողական վիճակում, բավականին մարդիկ, ովքեր Ստեփանակերտից էին, վերադարձել են Ստեփանակերտ, այնտեղ ինչ-որ արտոնություններ ունեն: Այն տպավորությունն է, որ իրենք արդեն ո՛չ էմոցիա ունեն, ո՛չ ուրախանում են, ո՛չ տխրում են, ոչ մի բան, շատ բարդ վիճակում են անորոշությունից: Երբ գնում ենք իրենց մոտ, արդեն չենք էլ խոսում իրենց վիճակից, որովհետև արդեն ամիսներ են անցել, և ոչ մի շարժ չկա, ի՞նչ խոսես, ճիշտ է, իրենք եկեղեցու հովանու տակ են, կերակրված են, տաքության մեջ են, բայց ոչ ավելի, ի՞նչ է իրենց սպասվելու, ոչ ոք չգիտի: Իրենք մնացել են անորոշ, բարդ և ծանր վիճակում»,- ասաց Ծատուրյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով վերջերս տեղի ունեցած մի դեպքի, երբ տաքսու վարորդը, իմանալով, որ իր ուղևորներն Արցախից են, չէր տեղափոխել նրանց, ասաց, որ նման վերաբերմունքը համընդհանուր բնույթ չի կրում:
«Այդ ատելությունը եզակի մարդկանց արտահայտություններ են, ընդհանուրի մեջ չկա այդ ատելությունը, որովհետև եթե մենք հիշենք, թե ինչպիսի օգնություններ էին կազմակերպվում սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին, նոյեմբերին, նաև ես աշխատել եմ կամավորների հետ, որոնք նեղանում էին Ղարաբաղից եկած մարդկանցից, ովքեր ասում էին՝ մենք Ղարաբաղ միս ենք կերել, դուք ստեղ մեզ լոբի եք տալիս, դրա պատճառով լինում էին բախումներ, ես իրենց բացատրում էի, որ այդ մարդիկ մազապուրծ եկել են, իրենց ներվային համակարգը լավ վիճակում չէ, և շատ հաճախ առաջինը իրենք կարող են լինել հարձակվողը, և պատասխանող լինի տեղացին, իրենց անորոշությունը բերում է ագրեսիայի: Պետությունն իր գործը հավուր պատշաճի չի անում, մարդիկ դուրս են գալիս իրար դեմ: Ես չեմ ուզում մտածեք, թե արցախցին կամ տեղացին վհուկ են և դրա համար են վիճում, երբ մարդու նվազագույն կարիքները բավարարված չեն, դրա համար նրանք դառնում են ագրեսիվ: Ես չեմ հավատում, որ տաքսու վարորդը կարող էր միայն բարբառի համար նման կերպ պատասխանել ուղևորներին, ուրեմն ինչ-որ բան է եղել, բոլոր բախումները ոչ թե տեղացու և ղարաբաղցու միջև է, այլ նրանից է, որ բավարարված չեն, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ես չեմ կարող համաձայնել, որ բախումը նրանից է, որ մեկը տեղացի է, մյուսը՝ Ղարաբաղից»,- ասաց հոգեբանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության անդամների վարքագծին՝ հոգեբանը նկատեց, որ մինչև պատերազմը բոլորը հանգիստ տեղավորված էին իրենց աթոռներին, չնայած կային մի շարք որոշումներ, որոնք հանրության մեծ մասի սրտով չէին:
«Նոյեմբերի 9-ից հետո բարձրացավ ժողովրդի հակակրանքը, որ իրենք պետք է անպայման գնան, բայց հիմա դա հասել է ինչ-որ անտարբերության վիճակի: Իրենց աթոռի մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ բզեր է առաջացել, իրենք հանգիստ նստած չեն, դա երևում է թե՛ իրենց խոսակցություններից, թե՛ իրենց ելույթի ձևից՝ իրարամերժ բաներ, այստեղ մի բան են ասում, այնտեղ՝ ուրիշ բան, կողքիդ գտնվող մարդիկ համարյա չեն խոսում, բա խոսեք, երիտասարդ հիմնականում տղաներ են, ինչո՞ւ չեն խոսում: Քննարկեք, ասեք՝ որտե՞ղ են ձեր սխալները եղել, ստացվեց, որ ամեն ինչ լա՞վ է եղել: Վախի տարրեր կան, ցինիկն ինքը վախկոտ է, ուղղակի լավ քողարկված է լինում, իրենք երբ պատկերացնում են, որ իրենց ղեկավարը կարող է էլ իշխանության չլինել, ամեն մեկն իրեն հարց է տալիս, թե ինքն ի՞նչ է անելու»,- ասաց հոգեբանը:
Իրինա Ծատուրյանի պնդմամբ՝ չնայած Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է մարդկանցով, որոնք իրեն ցույց չեն տալիս իրական պատկերը, բայց նա տեսնում է իրականությունը, թե ինչ է մտածում հանրությունն իր մասին:
«Ինքն այդ ստի մեջ պահել է պատրանք, որ ինքը դեռ վարչապետ է, բայց ինքն այլևս վարչապետ չէ: Եթե փորձենք վերլուծել իր ասածները, որը ոչ միշտ է ստացվում, ապա ինքը նախադասության սկզբում մի բան է ասում, ստորակետ է դնում, և ասում է լրիվ հակառակը: Նա մարդկային առումով շատ վատ վիճակում է: Իրեն ոչ ոք չի ասո՞ւմ, որ՝ դու 4 երեխաների հայր ես, մի քիչ առողջությանդ հետևի: Ինքը երկակի է, իր առողջությունը գնում է, ավտարիտետը գնացել է: Խորհուրդ կտամ՝ անցնի թոշակի»,- ասաց հոգեբանը:
Ծատուրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում, որ հնարավոր էր այսպես սխալվել:
Հոգեբանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ասաց, որ զարմանում է, թե ի՞նչ սրտով է նա այցելում զոհվածների ընտանիքներին՝ իմանալով, որ նրանց մահվան մեջ մեղքի բաժին ունի գործող իշխանությունը: