«Պարզվում է՝ սա ոչ թե դպրոց է, այլ անչափահասների գաղութ․․․»․ Աբովյանի դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով դասադուլն ու գործադուլը շարունակվում են։

Ինչպես դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն է ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում, այսօր ևս այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել և դպրոցից ազատված ուսուցիչներին դուրս են հրավիրել:

«Ես հիմա կոնկրետ ասում եմ՝ դուրս եկեք»,-  աշխատանքից ազատված ուսուցիչներին դիմելով ասաց ոստիկաններից մեկը, ինչին դպրոցի ուսուցչուհիներից մեկը պատասխանեց․

«Պարզվում է՝ սա ոչ թե դպրոց է, այլ անչափահասների գաղութ․․․»։

Ոստիկանները Հայկ Փայտյանին դպրոցից դուրս հրավիրեցին, վերջինը հրաժարվեց, ինչին հաջորդեցին ոստիկանների գործողությունները՝ 2-3 ոստիկան նրան դուրս հանեցին դպրոցից։

Նրանք նաև ուսուցչուհիներից մեկին դուրս հրավիրեցին, սակայն նա հրաժարվեց՝ ասելով․ «Ո՛չ, եկեք իմ թևից էլ բռնեք, կարող եք՝ բրթեք ու հրեք էլ»։

Մեկ այլ տեսանյութում էլ դպրոցի ուսուցչուհիներից մեկն ասում է, որ նկարահանումն արվել է ժամը 11։30-ին, և դպրոցում ենթադրյալ դասապրոցեսն ավարտված է․

«Դասապրոցեսի իմիտացիան ավարտվեց, տարբեր տարիքային խմբերի երեխաներ դուրս են գալիս նույն դասասենյակից։ Ամբողջ շաբաթվա ընթացքում դասավանդում են ընդամենը՝ հայոց լեզու, հասարակագիտություն և հայոց պատմություն․․․»։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր  4 ձայն, այնքան, որքան  հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Տեսանյութեր

Լրահոս