«Սենց անգամ հանցագործին բերման չեն ենթարկում»․ լարված իրավիճակ՝ Աբովյանի դպրոցում

Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում․ ոստիկանները բերման ենթարկեցին դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին։ Այդ պահին դպրոցում էին նաև ծնողներ և ուսուցիչներ, որոնք փորձում էին կանխել ուսուցչին բերման ենթարկելու՝ ոստիկանների գործողությունը, ինչից կրքերը բորբոքվեցին և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ուսուցիչների միջև։

«Սենց անգամ հանցագործին բերման չեն ենթարկում»,- ասաց ներկաներից մեկը։

Ուսուցիչները ոստիկաններից պահանջեցին ներկայացնել, թե ո՞րն է Հայկ Փայտյանին բերման եթարկելու պատճառը, ինչին ոստիկաններից մեկը պատասխանեց, որ պատճառը Փայտյանին կասեն արդեն ոստիկանության բաժնում։

Ի դեպ, այդ միջադեպին ներկա էր նաև դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, ում հրաժարականի պահանջով, շուրջ 40 օր է, դպրոցում դասադուլ և գործադուլ է։ Նա լուռ հետևում էր տեղի ունեցածին, ապա բարձրացավ իր աշխատասենյակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան դպրոցում իրավիճակը լարվել էր, երբ ուսուցիչների խոսքով՝ անծանոթ մի տղամարդ մտել էր դպրոց, ներկայացել՝ որպես աշակերտի ծնող, և վիրավորել ուսուցիչներին։ Ուսուցիչները պնդում էին, որ նա ինչ-որ մեկի հրահանգով է դա արել։ Ապա նշել էին, որ ՔՊ ամբողջ Աբովյանի թիմը այդ պահին դպրոցի բակում «լցված է»։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր  4 ձայն, այնքան, որքան  հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս