Հակոբ Աղաբեկյանի ամենամեծ երազանքը զավակ ունենալն էր, որն անկատար մնաց…
Ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյան։ Ոստիկանական մեծ ընտանիքի ևս մի անդամ, որը գնաց պատերազմ ու բռնեց անմահության ճանապարհը։
Հակոբը մանկությունն անցկացրել էր արտերկրում։ Սովորում էր Օդեսայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։ Մի օր անսպասելի եղբոր հետ խոսակցություն է ունենում։ «Ասաց՝ իրերը հավաքենք, գնանք տուն։ 2001 թվականի հոկտեմբերի 21-ին եկանք Հայաստան, ամսի 29-ին գնացինք զինկոմիսարիատ, իսկ դեկտեմբերի 2-ին զորակոչվեցինք բանակ: Զորացրվեցինք 2003 թվականին»,- հիշում է եղբայրը՝ Գևորգ Աղաբեկյանը։
Զորացրվելուց հետո Հակոբ Աղաբեկյանը ծառայության է անցնում ոստիկանությունում։ Սկզբում ծառայում է ոստիկանության զորքերում, ապա՝ պարեկապահակետային ծառայությունում, այնուհետև՝ քրեական հետախուզությունում։ Միաժամանակ սովորում է Գյումրիի պետական համալսարաններից մեկում։
2010-2020 թվականներին ծառայել է որպես օպերլիազոր, ավագ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, բաժանմունքի պետ։ 2020 թվականի փետրվարի 15-ից ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր։
Հակոբի հայրը՝ Գեղամ Աղաբեկյանը, Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ էր։ Մասնակցել էր Սյունիքի պաշտպանական և Բերձորի ազատագրական մարտերին։ Արցախյան երկրորդ պատերազմին հայրենի հողը պաշտպանելու համար Արցախ մեկնեց ազատամարտիկի ոստիկան որդին՝ Հակոբ Աղաբեկյանը։ Նա զոհվեց Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։
«Վերքս անընդհատ արնահոսում է։ Այն երբեք չի սպիանալու, ցավը մնալու է բաց, կորուստը՝ անդառնալի։ Երևի այն քչերից եմ, որոնց ամուսինները ընկեր են համարել։ «Դու իմ ընկերն ես, Վարդս»,- այդպես էր ասում։ Նպատակասլաց էր, աշխատասեր։ Սեր ու ժպիտ էր տարածում շրջապատում»,-կնոջ խոսքերն են ամուսնու մասին։
Հակոբ Աղաբեկյանի ամենամեծ երազանքը զավակ ունենալն էր, որն անկատար մնաց… Իսկ այսօր հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր հայորդիների շնորհիվ էլի հարսանիքներ ու ծնունդներ են լինում Հայաստանում։ Ուրեմն, Հակոբի զավակներն են բոլոր մանուկները, որոնք այսօր ապրում են խաղաղ երկնքի տակ և որոնք վստահաբար կշարունակեն իրենց հայրերի կիսատ թողած գործը։