Դետեկտորը չէր դիմանա իշխանության ստերին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչապետը «պատահական» մի խանութատիրոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում:
Սուտն այնքան ակնհայտ էր, որ առաջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր: Բնականաբար՝ տեխնիկական միջոցներով: Քանզի վաղուց այլևս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին:
Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց… պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի մասին:
Վերջինս, անշուշտ, չի կարող ապահովել հետազոտության արդյունքի հարյուրտոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է: Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փոփոխություն և այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին:
Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան:
Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը՝ գրանցված պոլիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում:
Վստահ կարելի է պնդել, որ ստի դետեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով: Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունակության խոր ինքնահմայանքի մեջ:
Օրինակ՝ փոխվարչապետ Տ. Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կառավարության աջակցությամբ նոր բնակարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնարանները կառուցվում են բարերարների օժանդակությամբ:
Բնականաբար, ստի դետեկտորն առավել ևս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին: Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել:
Թե ինչ պատճառով՝ տես տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»»։