Բաժիններ՝

Հայրիկն այլևս չկար… Բացառիկ հուշ` Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին րոպեների մասին

Թերթելով Հովհաննես Թումանյանի կյանքի մասին պատմող էջերն ու կենսագրական տեղեկությունները, ապշում ես, թե ինչպե՞ս կարելի է մի ամբողջ կյանք ապրել և նմանատիպ մեծ սեր նվիրել բացառապես հայրենիքին։ Եվ սա՝ այն դեպքում, որ Թումանյանն ապրեց ընդամենը 54 տարի։ Հայրենիքի նկատմամբ նրա մեծ սերը պիտի գոնե վարակիչ դառնա մեր օրերում, սակայն, ցավոք, այսօր պետք է սահմանափակվենք գոնե նվազագույնով՝ ցանկալի է, որ գոնե մարդիկ կարդան Թումանյանի մի շարք հայրենասիրական գործերն ու հասկանան, որ հայրենիք սիրելը պարտականություն չէ։

Բարդ ժամանակներ են, և այդ բարդ ժամանակներում փրկության ելքը պետք է ցույց տան Թումանյանն ու Չարենցը՝ իրենց բանաստեղծություններով, Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածով, Նժդեհը` հզոր հայ ու հայրենիք ունենալու իր գաղափարախոսությամբ և գործով։ Թերևս, նրանց կարդում ու հետևում են բացառապես գիտակից քաղաքացիները, ովքեր քիչ են, շատ քիչ են….

Թումանյանի կենսագրության մասին մեզ բացառիկ տեղեկություններ տրամադրել է իր դուստրը` Նվարդ Թումանյանը։ Նրա կողմից գրված հուշագրություններում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր ու դետալներ ենք հանդիպում Թումանյանի կենսագրությունից։ Նվարդ Թումանյանն իր հուշագրություններում մեծ ակնածանքով է ներկայացնում և պատմում իրենց տան մասին, որն իսկական համալսարան էր։ Այդ տունն ազդեցիկ էր իր գրադարանով, այցելող հյուրերով։ Այդ զրույցներն ու կոլորիտը տեսնելով` Թումանյանի երեխաները մեծացան և իրենց կյանքով ու կենսագրությամբ ծառայեցին հայրենիքին։

Թումանյանի ցանկությունն իրականացավ, և իր երեխաները մեծացան՝ որպես խելացի, նրբաճաշակ և ազնիվ մարդիկ։ Նվարդ Թումանյանն իր հուշերում ներկայացնում է նաև, որ Թումանյանը մեծ ջանք էր ներդնում նաև իր գժտված ընկերներին հաշտեցնելու համար։ Նմանատիպ մի օրինակում Թումանյանը ճաշի է հրավիրում Ղազարոս Աղայանին և Պերճ Պռոշյանին, որոնք ինչ-որ առիթով վիճել էին ու գժտվել։ Ճաշից հետո մեծ գրողները հաշտվում են։ Դա Թումանյանի մեծ սրտին ուրախություն ու հանգստություն էր բերում։ Բարի ու դրական պատմություններից զատ՝ Նվարդ Թումանյանի հուշերում բացառիկ են նաև Թումանյանի կյանքի վերջին օրերի մասին հիշատակությունները։

Արդեն իսկ վատառողջ վիճակում գտնվող Թումանյանը, լսելով Հայոց կոտորածի մասին լուրերն ու տեղեկությունները, Թաբախմելա ամառանոցից շտապել է Թիֆլիս, որտեղից էլ՝ Էջմիածին։ Նա ամառանոց էր տեղափոխվել առողջական վիճակը կազդուրելու և հանգստանալու համար, սակայն դա տևեց ընդամենը մի քանի օր։ Էջմիածնում Թումանյանը տեսավ դժոխային տեսարաններ։ Որբերի հետ կատարած նրա աշխատանքը ևս կազմաքանդեց Թումանյանին։ Նա Էջմիածնում դարձավ, ինչպես ասում են, կես մարդ։ Դա են վկայում որբանոցային լուսանկարները, որոնցում Թումանյանը կարծես զառայմալ ծերունի լինի։ Սակայն գլխավորը Հայրենիքին ծառայելու նպատակն էր։

Այդ դառն ու դժվար օրերը, իրադարձությունները բազմապատկվեցին, ավելացավ Թումանյանի հոգու և մարմնի ծանրությունը, և գրողի առողջական վիճակն ավելի վատթարացավ։ Թեև 1922 թվականին իրականացված վիրահատությունից հետո Թումանյանը մի փոքր կազդուրվում է, այնուամենայնիվ որոշ ժամանակ անց նրա վիճակը նորից վատթարանում է։ Թումանյանը տեղափոխվում է Մոսկվայի հիվանդանոց, որտեղ էլ 1923 թվականի մարտի 23-ին վախճանվում է։ Թումանյանի կյանքի վերջին րոպեների ու վայրկյանների մասին պատմում է Նվարդ Թումանյանը։ Հուշը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

«Ծանր  գիշեր էր, շա՛տ ծանր։ Վերջին ուժերը լքում էին հայրիկին։ Այդ գիշեր մեզ հետ էր հիվանդանոցի հերթապահ քույրը` Էռնա Կառլովնան։ Հայրիկը զբաղեցնում էր քրոջը, զրուցում էր հետը, հյուրասիրում էր կանֆետով և մեզ էլ խնդրում, որ գիշերը արթուն մնանք, հսկենք, չքնենք։ Խնդրում էր քրոջը, որ նա էլ չքնի։ Քույրը, իրոք որ գթության քույր, շատ էր ուշադիր ու սիրալիր դեպի հայրիկը։ Առավոտյան ժ. 6-ին հայացքով  ցույց տվեց դեպի պատուհանը։ Նայեցի` տեսնեմ փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս։ Մինչ այդ շատ լավ եղանակ էր։ Պատուհանը միշտ բաց էր։

«Ուտելու ախորժակ ունեմ….»։ Կերավ։

Ջուր ուզեց։ Լիքը բաժակը միանգամից դատարկեց, բայց իսկույն թուլացավ։ Աչքերը շարունակ անհանգիստ էին, կարծես բան էր փնտրում։ Հազիվ էր խոսում։ Սրսկում չուզեց. «Դատարկ բան է, ձեր խաթեր եմ անում»։

Բժիշկները եկան. անտարբեր էր, ոչ ոքի չթողեց մոտենան։ Եկան Կարեն Միքայելյանը և Պապա Քալանթարյանը։ Ասաց. «Дайте спокойно отдохнуть»։

Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը, կարծես թե մեզ հետ չէր, ներքին պայքար ուներ… «Ղոչաղ կացեք»,- այս եղավ հայրիկի վերջին խոսքերը։

Շրթունքները շարժվում էին, բայց չէր կարողանում խոսել։ Ձախ աչքից արցունք կաթեց, քիչ հետո` երկրորդը։ Երեքով նստած էինք մահճակալի շուրջը։ Թվում էր դեռ լսում է։ Շունչներս պահած հետևում էինք հետզհետե մարող մարմնին։ Ժամը ինն անց տասը րոպեին արձակեց վերջին շունչը….

Անբուժելի հիվանդությունն ավարտեց իր սև գործը։

Հայրիկն այլևս չկար…»։ (Հատվածը վերցված է Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գրքից։ Երևան, «Լույս» հրատարակչություն, 1969 թվական, էջ 333-334)։

Զ. Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս