Բաժիններ՝

Վերահսկիչի հայտնաբերած 203 միլիոնը չեն կարողանում վերադարձնել բյուջե

Դեռևս 2012թ. սեպտեմբերին Վերահսկիչ պալատը պետական սեփականության օգտագործման ուղղությամբ տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերել էր մի շարք խախտումներ անտառտնտեսության ոլորտում և դրանք հրապարակել էր «Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության» մեջ:
Մասնավորապես, ըստ Վերահսկիչ պալատի` պետական գույքը վարձակալության է տրամադրվում շուկայական գներից զգալիորեն ցածր գնով: Օրինակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախկինում կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարները, ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, չեն վերանայվել:
Արդյունքում՝ չի ստացվել 203,2 միլիոն դրամի լրացուցիչ եկամուտ, պետական գույքի մասնավորեցման ընթացքում գնորդի ներդրումային և աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ տիպային պայմանագրով հստակ պարտավորություններ չեն սահմանվել, մասնավորեցված առանձին օբյեկտներ փաստացի օգտագործվում են ոչ նպատակային:
168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք երկու ամսվա ընթացքում անտառային հողերի վարձակալները հողերի վարձակալության պայմանագրերի վերանայման հարցով դիմել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, և այժմ հարցն ի՞նչ փուլում է գտնվում, կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, դեռևս չեն դիմել: Մենք պարբերաբար նամակներ ենք ստանում նախկին վարձակալներից, ովքեր մեր կազմակերպության գործողությունները համարում են ոչ իրավաչափ: Եթե կառավարությունն ընդուներ օրենք, որտեղ հստակ կետ կսահմանվեր, որ վերոնշյալ որոշումը տարածվում է նաև մինչև այդ կնքված պայմանագրերի վրա, դա իմպերատիվ որոշում կլիներ: Բայց այս պարագայում վարձակալները, հիմնավորելով Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կետերը, մեզ հայտարարում են, որ որոշումը չի տարածվում իրենց պայմանագրերի վրա, ստացվում է, որ իրենք պարտավորվում են վճարել իրենց կնքած պայմանագրերում հստակ սահմանված վարձավճարները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս