Արթուր Դավթյանը և Ռոբերտ Քոչարյանի գործով մյուս դատախազները վարույթից չեն հեռացվի

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարան Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի միջնորդությունները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և գործով դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու և գործի վարույթից հեռացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի դատական նիստում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել թե՛ գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին, թե՛   ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Միջնորդությունը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչներից Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրել էր 39 էջ նյութեր՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններ, Նիկոլ Փաշինյանի՝ դատարանն արգելափակելու կոչը, Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Դավթյանի հանդիպում-խորհրդակցությունները, որի ընթացքում, Հայկ Ալումյանի խոսքով, քրեական գործերը քննվել են մանրամասներով: Բերելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ բակում բռնություն գործադրելուց հետո Դավթյանի ու Փաշինյանի խորհրդակցությունը, որի ընթացքում, փաստաբանի խոսքով, քննվել էին այդ քրեական գործի մանրամասները, Ալումյանը նշել էր, որ կարելի է հետևություններ անել, որ բոլոր քրեական գործերը կարող են նույն ճակատագիրն ունենալ:

Գևորգ Բաղդասարյանին միջնորդություն ներկայացնելիս էլ պաշտպան Արամ Վարդևանյանը, ի թիվս այլ հիմնավորումների, հիշեցրել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով 2020 թվականի մայիսի 8-ին կայացած դատական նիստը: Այդ դատական նիստի ընթացքում, որը, ի տարբերություն այս գործով այլ նիստերի, նշանակվել էր ոչ թե երեքշաբթի, այլ ուրբաթ, պաշտպանական կողմը շեշտադրել էր օրվա խորհրդի մասին, նշել, որ Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողին, ինչին ի պատասխան՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր՝ «Որևէ մեկը Շուշիի ազատագրման համար նստած չի»:

«Այնպես է ստացվում, որ բոլոր այն գործերով, որտեղ կան անձինք, որոնք այս քաղաքական իշխանության հետ ունեն տեսակի, ձևի անհամապատասխանություն, օրինակ՝ մարդիկ, որոնք հայրենիք ազատագրող են, հայրենիք զարգացնող են, պահող, և որոնք հայրենիք հանձնողներ են, այ էդ բոլոր գործերով, մեծամասնությամբ՝ Գևորգ Բաղդասարյանը լինում է դատարանում՝ դատախազության դիրքորոշում պաշտպանելու: Բա ո՞նց է այդպես ստացվում»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ միջնորդելով Գևորգ Բաղդասարյանին հեռացնել գործի վարույթից:

Ներկայացվող միջնորդություններին միացել էին նաև պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս