Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ ներկայացրեցին

Ի թիվս մեղադրող կողմի այլ ներկայացուցիչներին ներկայացվող բացարկի միջնորդություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչները սահմանադրական կարգի ենթադրյալ գործով դատական նիստի ընթացքում բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին նաև ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս միջնորդությամբ պաշտպանական կողմը նաև գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին ներկայացրեց բացարկ:

Միջնորդությունը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչներից Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի՝ դատարանն արգելափակելու կոչը, Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Դավթյանի հանդիպում-խորհրդակցությունները, որի ընթացքում, Հայկ Ալումյանի խոսքով, քրեական գործերը քննվել են մանրամասներով: Բերելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ բակում բռնություն գործադրելուց հետո Դավթյանի ու Փաշինյանի խորհրդակցությունը, որի ընթացքում, փաստաբանի խոսքով, քննվել էին այդ քրեական գործի մանրամասները, Ալումյանը նշեց, որ կարելի է հետևություններ անել, որ բոլոր քրեական գործերը կարող են նույն ճակատագիրն ունենալ:

Ալումյանի խոսքով՝ նշվածում կան օրենքի բազմաթիվ խախտումներ:

Ալումյանը դատարանին ներկայացրեց 39 էջ նյութեր, որում, ըստ նրա, կային նաև միջնորդությանն առնչվող այլ նյութերի հղումներ՝ միջնորդելով դատախազ Արթուր Դավթյանին հեռացնել գործի վարույթից:

Տեսանյութեր

Լրահոս