«Վախենամ՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը և Ալիևը դաշինք ստեղծեն և անունն էլ դնեն «Բայրաքթար»». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այս փուլում վարչապետ դառնալու ցանկություն չունի, սակայն հաջորդ փուլում դրա համար կպայքարի։
«Ինքս ինձ համարում եմ, որ դա իմ իրավունքն է, և հաջորդ ընտրություններին կպայքարենք դրա համար։ Այսօր մենք ասել ենք, որ համաձայն ենք և անշահախնդիր ձևով օգնում ենք Վազգեն Մանուկյանին, այդպիսի բան չկա, որ ես ամբիցիաներ ունենամ։ Վարչապետը, որը կանգնած է այնտեղ, շատ ասելիք ունի, ես լռում եմ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելուց հետո, առաջին քայլը պետք է լինի սահմանների ճշտումը և հայ զինվորներին այդ սահմաններին կանգնեցնելը։
«Ինքս անձամբ գնալու եմ այնտեղ կանգնեմ, թող խփեն, չեն խփելու, որովհետև երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի։ Մենք տեղ ունենք և կարող ենք, որ մեզ այսօր մի քիչ լկտի պահենք։ Ես վախենամ, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը դաշինք ստեղծեն և անունն էլ դնեն «Բայրաքթար», դրանցից սպասելի է, այդ լկտիներից։
Այնուհետև մենք պետք է զբաղվենք Հադրութից եկած ժողովրդի տեղավորմամբ, մենք ամբողջ ազգով պետք է Սյունիքում սկսենք նոր քաղաքի շինարարություն, անունն էլ դնենք Նոր Հադրութ, Նոր Հայաստան կամ չգիտեմ ինչ։ Մենք որևէ հող չենք տալու կամ փոխանակենք, մենք այդ կոնցեպտից հրաժարվում ենք։ Երբ Բաքվի կենտրոնում գտնվող մոտավորապես 60-70 հազար բնակարանի բանալիներ կտան մեր ձեռքը, որտեղ կապրեն 30 հազար մարդ, այդ ժամանակ Իլհամին կասեմ՝ տղա ջան, արի խոսենք։
Այս ամենից զատ՝ կվերականգնենք սահմանադրական կարգը, աշխատանքից կազատենք այդ տգետ նախագահին՝ Արմեն Սարգսյանին»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։
Նա ներկայացրեց ապագա ծրագրերի իր տեսլականը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը որևէ զենքի խնդիր չունի, բանակը զինելու խնդիր նույնպես չունի։
«Երկու պետություն կա, որն այսօր մեր բանակը մինչև վերջ կզինեն՝ Ռուսաստանը և Չինաստանը, սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Մյուս քայլը, որը պետք է անենք՝ բարձրացնենք, ես ասել եմ, որ բանակում զինվորը պետք է ստանա միջին աշխատավարձ։ Պետք է նաև նոր ատոմակայան կառուցենք, իսկ մեր ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցնենք»,- շեշտեց նա։