Եվրոպայի հրեական համայնքը հավանություն չի տալիս Ամանորի դիմավորմանը
Եվրոպայի հրեական համայնքը հավանություն չի տալիս Ամանորի դիմավորմանը՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ դա համարվում է աշխարհիկ ավանդույթի մի մաս: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի ռաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինխաս Գոլդշմիդտը:
«Արեւմուտքում Ամանորը կրոնական բնույթ ունի, ուստի հրեաները, որպես կանոն, այն ոչ մի ձեւով չեն տոնում… Եթե եվրոպացի հրեան տոնի Ամանորը կամ Սուրբ ծնունդը, հազիվ թե գտնի համայնքի ըմբռնումը: Եթե մենք խոսում ենք նախկին ԽՍՀՄ երկրների մասին, որտեղ դա կրոնական տոն չէ, արգելքներ չկան: Գնալ եւ շնորհավորել ընկերներին ու մերձավորներին, նստել տոնական սեղանի շուրջ եւ դիտել նախագահի ելույթը. այդպես է ընդունված, ինչո՞ւ ոչ»,-ասել է Գոլդշմիդտը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ամանորյա տոնածառը եղել է հեթանոսական խորհրդանիշ, հետո դարձել է քրիստոնեական, իսկ այնուհետեւ՝ աշխարհիկ. «այսինքն՝ այսօրվա տոնածառը երեկվա տոնածառը չէ», պարզաբանել է ռաբբին: Իսկ ահա Իսրայելում, նշել է ռաբբին, տեղական ավանդույթների պատճառով ռուսալեզու հրեաների մոտ առաջանում են խնդիրներ: «Ռուսալեզու հրեաները ցանկանում են տոնել Նոր տարին, որովհետեւ սովորել են դրան: Իսկ իսրայելացիները կարծում են, որ դա հրեական տոն չէ, եւ դրան այնքան էլ դրականորեն չեն նայում: Եվ իրենց տեսակետը նրանք արտահայտում են տարբեր աստիճանի մարտականությամբ»,-եզրափակել է գործակալության զրուցակիցը: