«Ցուցումով են անում՝ առանց դրա կարող են կողմնացույցը կորցնել և տունը գնալու փոխարեն՝ գնան-ընկնեն Զանգվի ձորը». Գևորգ Պետրոսյանը՝ «իմքայլականներին»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «իմքայլական» պատգմավորները՝ Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, ԱԺ են ներկայացրել մի նախագիծ, ըստ որի` ցանկանում են իրեն զրկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ելույթներից մեկում օգտագործել է «ժեխ» բառը:
«Նրանք այդ նախագծի փոխարեն՝ կարող էին դիմել Էթիկայի հանձնաժողով, եթե գտնում են, որ «ժեխ» բառը, որը Սուքիասյանի բառարանով նշանակում է՝ անմաքուր, վիրավորական բառ է: Նրանք մեր Սահմանադրությունն այնքան են դարձրել պոլի շոր և այնքան սահմանադրական հանցագործություններ են արել, որ առաջիկա շաբաթներին, երբ այս իշխանությունը կհեռանա, այս 88 պատգամավորները կկանգնեն Սահմանադրական դատարանի առջև՝ չեմ պատկերացնում, թե այս ամենի տակից ինչպես են դուրս գալու: Լավ, Նիկոլ Փաշինյանը կճողոպրի Հայաստանից, բայց այս 88 հոգին հո կմնա՞ն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ընդգծեց, որ իշխանական պատգամավորներից ով դուխ կանի գնա, մտնի քրեակատարողական հիմնարկներ, թեկուզ «դուխով» գլխարկներով՝ արդեն պատկերացնում է, թե այնտեղ նրանց հետ ինչ կարող է կատարվել:
«Եթե գործադիր մարմնի ղեկավարը արդարադատության համակարգի աշխատողներին՝ դատավորներին, կանգնում ասում է՝ վնգստացողներ, որոնք նրա կամքը կուրորեն չեն կատարում: Դիվանագետներին էլ ասում է՝ «կոշիկ լպստողներ»․ բոլորիս էլ հայտնի է, թե ով ինչ է լպստում և ամենագլխավոր լպստացողն ով է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա, եթե «իմքայլական» պատգամավորներն այդքան ուշադիր են, ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չպաշտպանեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը վերջերս գնացել էր խորհրդարան իր զեկույցը ներկայացնելու համար, ով ինչպես հասցրեց՝ նրան վիրավորեց ու հարձակում գործեց, այն էլ՝ ցուցումով:
«Ամեն ինչ այստեղ ցուցումով արեցին, քանի որ, եթե ցուցում չունենան, կարող են կողմնացույցը կորցնել և իրենց տունը գնալու փոխարեն՝ գնան ընկնեն Զանգվի ձորը: Ասում են՝ տիկին Զոհրաբյանը ասել է՝ ժեխ, թող գնան բառարան բացեն, կարդան՝ ինչ է նշանակում ժեխ բառը, չնայած իրենք բառարան չեն կարդա, իրենց բառարան կարդալու հավանականությունն այնքան է, որքան ես Ղուրան կկարդամ, նրանց պե՞տք է բառարան-մառարան կարդան»,- հավելեց նա: