Փաստաբանները մանրամասներ ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից

Փաստաբանների և ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտնեց, որ մոտ 40 րոպե տևած հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց  բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի և օբյեկտիվ լինելու փաստով: Ներկայացվել է նաև հարուցված քրեական գործերի ընթացքը:

«Հարց հնչեց պարոն դատախազին, որ, եթե ունենաք օբյեկտիվ հիմքեր, հիմնավոր կասկած, կգնա՞ք արդյոք ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության, պատասխանը դրական էր: Իր առջև դրվեց նաև այսպիսի խնդիր, որ ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը, ՀՀ ներքին և արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունեն մեկ՝ իրավական հանգուցալուծում: Այն բոլոր փաստական տվյալները, որ ներկայացվել են, լիովին բավարար են, որպեսզի Ն.Փաշինյանին այսօր առաջադրվի մեղադրանք, ապա կալանավորվի, և կասեցվեն նրա լիազորությունները վարչապետի պաշտոնում: Սա կլինի դատախազության ներդրումն ապագա իրավակարգի և ուժեղ պետության կայացման գործում»,- մանրամասներ ներկայացրեց Արթուր Ղազինյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ շարունակելով գործընկերոջը՝ ասաց. «Ի թիվս դավաճանության հետ կապված փաստական տվյալների, նաև լրացվել և դրան էլ հատուկ ուշադրություն կդարձվի, որը վերջին զարգացումներն են՝ կապված Սյունիքի մարզի հարակից տարածքները Ադրբեջանին փոխանցելու հետ: Բոլորս լավ գիտենք, որ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չկասեցվի, դա շարունակվելու է նաև մյուս մարզերում, որտեղ որ, ինչպես պարոն Փաշինյանն է նշում, նախկինների ժամանակ ընդունվել է օրենք, և սահմանների հետ կապված կան որոշակի ձևակերպումներ: Հիմա Գլխավոր դատախազը քաջ գիտակցում է դատախազության դերը և նշանակությունը, և եթե հաստատվի անձի մեղավորություն, ապա դատախազությունն ունի այդ վճռականությունը և համարձակությունը՝ ընդհուպ մինչև վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Մեծ մասիդ մոտ կարող է դա հավատ չներշնչի, որովհետև մենք միշտ էլ իրավապահ մարմիններին տեսել ենք իշխանության կողքին: Հուսանք, նոր իրավիճակում այդպես չի լինի»:

Արա Զոհրաբյանը հավելեց, որ փաստաբանները հաղորդում են ներկայացրել և դրա իրավական ընթացքին հետևելու են:

«Գլխավոր դատախազն ունի իրավասություն՝ այս հարցին վերջակետ դնելու, օրինակ, ձերբակալել վարչապետին, կասեցնել լիազորությունները և այս հարցը փակել, որը կլինի իրավական շատ լավ ճանապարհ»,- եզրափակեց Արա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս