Փաստաբանները Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ

Այսօր փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ Ազգային ժողով, ապա՝ Գլխավոր դատախազություն:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ փաստաբանական հանրույթը նույնպես միացել է բողոքի ակցիաներին, գործադուլին:

«Հիմա ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ: Դա, ինչպես գիտեք, դավաճանությունն է: Մեր կողմից շատ հարգարժան իրավաբաններ, փաստաբաններ արդեն իսկ նման հաղորդումներ ներկայացրել են, մենք ևս որոշել ենք ներկայացնել: Կարծում ենք, որ հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվել է հետևյալ արարքներով. Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով վակուում է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունում, նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր ՕԳԳ ունենալ չէր կարող: Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել, որով, ի թիվս այլ սահմանափակումների՝ սահմանափակել է հրապարակային խոսքը ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս սահմանափակումները նպաստել են հասարակության մոլորեցմանը, այդ թվում՝ իրական զոհերի և ռազմագերիների մասին տեղեկություններ չստանալուն: Զորահավաքը կազմակերպվել է թերի, բազմաթիվ անձինք՝ լինելով ծանուցված, այդպես էլ մասնակից չեն դարձել սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև պատերազմի օրերին Ն.Փաշինյանի անմիջական հրամանով դադարեցվել է լրահամալրումը: Ն.Փաշինյանը հրապարակային աղբյուրներով տեղեկատվություն է տրամադրել ՀՀ պաշարների և պահուստների, պահեստազորի մեկ տարվա զորացրվածների քանակի, ինչպես նաև ծրագրավորվող ռազմական գործողությունների մասին»,- հանցագործության մասին հաղորդման տեքստը ներկայացրեց Արա Զոհրաբյանը:

Նա նաև հավելեց․ «Դեռևս հոկտեմբերի 19-ին և 20-ին ունենալով շատ ավելի քիչ կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն՝ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել այն, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն, որով ուղղակի վտանգի տակ է դրել ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը: Իր քաղաքականությամբ չի ապահովվել Սյունիքի մարզի, այդ թվում մի շարք համայնքների սահմանների պաշտպանությունը և անվտանգությունը՝ զիջելով Սյունիքի մարզի հարակից տարածքներն Ադրբեջանին, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Քաշաթաղի կամ դրա որևէ մասի հանձնման մասին խոսք չկար: Ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիներին փոխանակելու և մահացածներին փոխանցելու հարցերը: Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն»:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ընդգծեց՝ ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթից դուրս Ադրբեջանին զիջումներ է կատարում, այսինքն, ոչ թե փաստաթղթով է կատարում, որի հետ նույնպես իրենք համաձայն չեն, այլ ղեկավարվում է Ալիևի ցանկություններով:

Տեսանյութեր

Լրահոս