«Ադրբեջանցին Լաչինում վխտում է, ոնց ուզում, ուր ուզում՝ գնում-գալիս են, ու այսքանից հետո ասում են՝ գնա-ապրի այնտեղ»․ բերձորցի
Արցախի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ աջակցություն, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:
Հենց այս ծրագրի շահառու են հանդիսանում Բերձոր, Աղավնո, Աղանուս, Սուս, Քարեգահ շրջանների բնակիչները: Ճիշտ է, տարածքները հայկական կողմի վերահսկողության ներքո են, սակայն բնակիչների անվտանգության խնդիրներից ելնելով՝ առայժմ վերադառնալու հնարավորություն նրանք չունեն։ Այս պահին փակ են դպրոցները, մանկապարտեզը, արվեստի դպրոցը, ուժային կառույցները, աշխատում են մի քանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողներ, այն էլ՝ ապահովում են ռուսական զորքին։ Տները դատարկ են, չկա գույք, մի մասը քանդած է, մի մասը՝ թալանած, որոշներն էլ՝ վառած։
«Ադրբեջանցին Լաչինում վխտում է, ոնց ուզում, ուր ուզում գնում-գալիս են, ու այսքանից հետո ասում են՝ գնա ապրի այնտեղ: Թող այդ ասողն իր ընտանիքով գնա ու ապրի: Միանշանակ, այս պահին Բերձոր գնալ հնարավոր չէ: Այնպես չէ, որ մենք մեր տներում չենք ուզում ապրել։ Անձամբ ես, ու վստահ եմ՝ շատերը, ահավոր հոգեվիճակում են, ո՛չ տուն ունենք Հայաստանում, ո՛չ էլ որևէ մեկն անհանգստանում է մեզ համար, ինչպես կարողանում՝ գլուխներս պահում ենք: Նժդեհի 23/1 հասցեում շտաբ է գործում, մեզանից դիմումներ են վերցրել այն մասին, թե ինչ ենք թողել այնտեղ: Հետո ի՞նչ պետք է անեն՝ չգիտեմ: Դե թող ինձ տուն տան՝ ժամանակավոր ապրեմ, երկու տուն եմ թողել նոր վերանորոգված։ Ո՞վ է տերը: Այնտեղ հիմա ապրել հնարավոր չէ: Կոնկրետ իմ տունն ու կողքի մի քանի տները սարքած, պատրաստի տներ են, մեջն էլ՝ որոշակի իրեր։ Ու իմացել եմ, որ այդ տներից մեկում թուրքեր են ապրում։ Էլի մեկը կար, գնացել էր իր տուն, մեջը թուրքեր են եղել: Մի երկու հոգի ապրում են՝ ռուսներին օգնելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բերձորցի Լիանա Ասատրյանը:
Տիկին Ստելլան էլ շարունակելով համաքաղաքացու խոսքը՝ հավելեց. «Հարավում ու հյուսիսում թշնամին է, մարզկենտրոն գոյություն չունի՝ լուծարվում է, առանց աշխատանքի գնանք այնտեղ՝ ինչո՞վ ենք ապրելու»:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կա հետևյալ պայմանավորվածությունը, որ Լաչինի միջանցքում չպետք է լինեն ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ: Ամբողջությամբ այն պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: