«Սա տվող իշխանություն է, ինքը ոչինչ այլևս չի կարող անել…»
Առկա իրավիճակում խնդիրը գործող կառավարության մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի մեջ չէ՝ որպես անհատականություն, ոչ էլ նրանում, որ հեռացնեն այսօրվա իշխանությանը: Խնդիրն այն է, թե ինչ պետք է արվի հետո: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց՝ «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով այսօր առկա մարտահրավերների լուծմանը:
«Եթե ընտրությունները լինեն վաղը, դուք ինձ կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի քաղաքացիները ո՞ւմ, ո՛ր քաղաքական կուսակցության, ո՛ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեն: Ո՞վ կստանա այդ ձայները: Ով ավելի շատ ձայները կստանա: Դուք կարող եք հերքել, որ ձայների մեծամասնությունը կստանա «Իմ քայլը»: Ես, օրինակ, չեմ կարող դա հերքել…
Խոսքը բանակցությունները ճիշտ վարելու մասին չէ, այլ այն մասին, թե ո՞վ պետք է վարի այդ ճիշտ բանակցությունները, ինչպիսի՞ դիվանագետներ: Ո՞վ պետք է պլանավորի կառավարող այս կամ այն մարմնի ճիշտ քաղաքականությունը, ինչպիսի մենեջերներ կամ պլանավորողներ… ո՞վ: Ահա թե ինչումն է խնդիրը: Խնդիրը նրանում է, որ ստեղծեն, ոչ թե ոչնչացնեն: Հայկական բոլոր քաղաքական ուժերը, գրեթե բոլորը, աշխատում են ոչնչացնելու ուղղությամբ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ խնդրից դուրս գալու ելքը հակաճգնաժամային կառավարության ստեղծումն է՝ 10 միլիոն հայերից ընտրված կառավարիչների ու գլխավոր հաղորդակցողի միջոցով:
«Իսկ գլխավոր կառավարման կետում, իմ պատկերացմամբ, մեզ պետք է ճիշտ կոմունիկատոր: Ոչ թե ինձ պետք է սուպեր կառավարիչ, այլ մարդ, ով նաև բարոյահոգեբանական ճնշման վրա պետք է աշխատի, մարդ, ով կփորձի այդ ոգեշնչումը, մարդ, ով կարող է հայրական հոգատարություն ցուցաբերի, կարեկցանք ցուցաբերի, մարդկանց խնդիրները բարձրաձայնի, ազնիվ խոսի, փորձի ճշմարտությունը ներկայացնել»,- ասաց Թևան Պողոսյանը:
Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ լուծումը օրվա իշխանությունների հեռացումն է ու նոր իշխանության ձևավորումը՝ ոչ թե «փողոցի հեղաշրջման ճանապարհով», այլ՝ նոր ընտրություններով:
«Եթե հայ ժողովուրդը չկարողացավ ազատվել ժամ առաջ այս ընտրված աղետից, ապա կորուստներն անխուսափելի են: Եվ, ի վերջո, սա մի իշխանություն է, որը միայն և միայն կարող է տալ: Սա տվող իշխանություն է, ինքը ոչինչ այլևս չի կարող անել…
Նիկոլ Փաշինյանին կանչել են, ասել են՝ «էս ա թուղթը պետք ա ստորագրես», ինքն էլ հլու-հնազանդ ստորագրել է: Այսինքն, գտել են մեկին, հարմար առիթ են գտել, մի մարդու, ես այդ մարդուն անվանում եմ ընտրված աղետ, այսինքն՝ հայ ժողովրդի կողմից ընտրված աղետ, որովհետև 70%, այո, մենք ձայն ենք տվել այդ աղետին, և այդ աղետը գնացել է, ստորագրել է, և հիմա, իրավամբ, մենք չգիտենք՝ կա՞ կողքից փաստաթուղթ, թե՞ չկա, պայմանավորվածություն կա՞, թե՞ չկա, որովհետև վերջին հարցազրույցում ընտրված աղետն ինչ-որ տրամադրություն էր ցույց տալիս, ասում էր՝ «տեսնում եք, դե պարզ չի՞, որ եթե 90%-ն արդեն ադրբեջանցիները գրավել էին Կուբաթլուի և Զանգելանի շրջանները, այդ շրջանների մասին որևէ հիշատակում չկա կապիտուլյացիոն փաստաթղթում, ասում է՝ «տրամաբանական էր, որ պետք ա էդտեղից էլ դուրս գայինք»: Այսինքն՝ սկսել է մեկնաբանել իրենց պարտադրված փաստաթուղթը, բայց բանավոր կետերով հավանաբար… Կապիտուլյացիայի ժամանակ դու չես բանակցում: Դու լուռումունջ ստորագրում ես այն, ինչ դնում են քո առաջ»,- ասաց Թաթուլ Հակոբյանը: