«Պատրաստ լինել նշանակում է՝ և՛ քաղաքական առումով լավ պատկերացնենք, թե ինչ է լինում, և՛ եթե պետք լինի` նաև զենքով կանգնենք». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի այս կամ այն հատվածում դիմում է սադրիչ գործողությունների, քանի որ ունի հստակ նպատակներ։

«Այդ սադրիչ գործողությունների հիմնական նպատակը երկրում հուսալքություն առաջացնելն է, հայ-ռուսական հարաբերությունները խարխլը, Ռուսաստանի վարկանիշին հարված հասցնելը, ինչը ձեռնտու է նաև Թուրքիային։ Սա մենք հասկանում ենք և պետք է պատրաստ լինենք ու գիտակցենք, թե թշնամին ինչու է դիմում սադրանքների։ Պատրաստ լինել նշանակում է՝ և՛ քաղաքական առումով լավ պատկերացնենք, թե ինչ է լինում, և՛ եթե պետք լինի՝ նաև զենքով կանգնենք՝ թույլ չտանք, որպեսզի ոսոխը նորից շարունակի իր այդ քաղաքականությունը»,- 168.am հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա՝ դժբախտաբար Արցախում կան 1-2 պրովակատորներ, որոնք օգտագործում են թշնամու հրահրած հակառուսական տրամադրությունները։

«Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնենք, որ Խծաբերդը շատ բարդ վայրում է  գտնվում, և նույնիսկ այդպիսի պրովոկացիաներով վտանգում են նաև այնտեղի պաշտպաններին։ Այսինքն՝ Ադրբեջանն աշխատում է շատ լավ մշակված պլանով, մենք էլ չունենալով համապատասխան իմունային համակարգ, երբեմն որոշ մարդիկ խաբվում են և ընկնում այդ պրովոկատորների հետևից։ Կրկնում եմ՝ Արցախում կան այդպիսի 1-2 կամ 3 մարդ, որոնց բոլորս էլ ճանաչում ենք։ Նրանք տարածում են հակառուսական տրամադրություն, իսկ հակառուսական նշանակում է՝ նաև հակահայկական, մասնավորապես այս շրջանում, սա պետք է լավ հասկանանք»,- շեշտեց նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ անհայտ կորած զինվորների ծնողները հարձակվել են Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի վրա և նրան ծեծի են ենթարկել, Դավիթ Բաբայանը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, տեղյակ չէ՝ նման միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ։

«Այն, որ գերության մեջ հայտնված անձինք ու անհայտ կորած զինվորներն ամենախոցելի կատեգորիան են՝ փաստ է, և նրանց հարազատներն այսօր շատ վատ վիճակում են, սա պարզ է, ու այստեղ մենք չպետք է տարօրինակ բաներ մտածենք նրանց մասին, որ նրանք երբեմն էմոցիաներով են առաջնորդվում։ Այդ մարդիկ այսօր շատ ծանր վիճակում են»,- հավելեց Դ. Բաբայանը։

Ինչ վերաբերում է համացանցում շրջանառվող տեսանյութին և լուսանկարներին, ըստ որոնց՝ 100-160 հոգի հայ զինվոր է գերեվարվել Ադրբեջանի կողմից, և ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն, նրանց հետ կապն ընդհատվել է, Դավիթ Բաբայանը նշեց, որ դրա հետ կապված ոչինչ չի կարող ասել՝ տեղեկությունը պետք է ճշտվի միայն Պաշտպանության նախարարությունից։

«Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են բանակին, պետք է ճշտել միայն Պաշտպանության նախարարությունից»,- ընդգծեց նա։

Հարցին՝ այս պահին Արցախում գործո՞ւմ է սորոսական որևէ կառույց, քանի որ հասարակության մեջ ձևավորված կարծիքների համաձայն՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է նաև այդ կառույցը, որը քայքայիչ գործունեություն է ծավալում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Արցախը և մեր տարածաշրջանն այնպիսի աշխարհաքաղաքական կարևորություն ունեն, որ այստեղ գործում են տարբեր կազմակերպություններ՝ տարբեր մարդկանց միջոցով, բայց այդուհանդերձ, ով ուզում է գործի, եթե մեր իմունային համակարգը թույլ է, մենք սկսելու ենք այլ պետությունների ու կառույցների շահերն առաջ տանել։ Սրա մասին պետք է մտածել, մենք լուրջ աշխատանք ունենք անելու, այո, մեզ մոտ կան որոշ անհատներ, որոնց բարոյահոգեբանական համակարգը շատ թույլ է և տարբեր արժեքների ու գնի հետևից ընկած, կարող են վարել այս կամ այն հակապետական քաղաքականությունը։ Թե դա որ կազմակերպությունն է, արդեն երկրորդական է, հարցն այն է, որ բարոյահոգեբանական արժեքների խնդիր ունենք, որի մասին բազմիցս խոսել եմ։ Սա է պատճառը, որ մենք ունենք այն, ինչ ունենք»։

Տեսանյութեր

Լրահոս