«Հիշյալ քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ». Արթուր Ղազինյան

Քաղաքացիները Երևանում կրկին «Արժանապատվության երթ» են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրապարակից:

Նկատենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» նախատեսել է երթեր իրականացնել այս շաբաթ ամեն օր, իսկ շաբաթ օրն Ազատության հրապարակում կկայանա շարժման հանրահավաքը:

Երթի մասնակիցներին Իշխան Սաղաթելյանը ՀՀ գլխավոր դատախազության առջև հայտարարեց, որ Հայրենիքի փրկության շարժման անունից նամակ են փոխանցելու ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն ընթերցեց նամակը, որում ասված է.

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

Հարգելի՛ պարոն Դավթյան, սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Դատախազություն է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, որում մանրամասն տեղեկություններ են նշվել ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի՝ այդ թվում 299 ՝այն է՝ դավաճանություն՝ նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Հաջորդ օրը՝ Ձեր կողմից ինձ ուղղված պատասխան գրության մեջ հայտնվել է, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ ՀՔԾ-ում արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրնեսգրքի՝ 308-րդ հոդվածի՝ երկրորդ մասով՝ այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների:

Այդ գործը վերաբերում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ ՊՆ նորմերին, կանոնակարգումներին, բացասական նշանակություն ունեցել Զինված ուժերի կազմի վրա, ինչպես նաև՝ վերջնական առումով ազդել են պատերազմի ելքի վրա:

Մովսես Հակոբյանը 2020 թ. նոեմբերի 19-ին տված իր հարցազրույցում, այլ աղմկահարույց բացահայտումների հետ մեկտեղ՝ հայտնել է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի երրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արձակվել է հրաման, որով կանգնեցվել է ԶՈՒ լրահամալրումը՝ փոխարենն առաջնագիծ են ուղարկվել կամավորականներ, ինչի հետևանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորված անձնակազմի լրահամալրումը չի իրականացվել:

Նկատի ունենալով վերը շարադրված քրեական գործով հանրային աննախադեպ լայն պահանջը, հաշվի առնելով իշխանությունների խոստումը՝ հիշյալ քրգործով օբյեկտիվ և թափանցիկ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ՝ պահանջում ենք հանձնարարել մինչև վաղը՝ ժամը 17:00-ն տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

Առաջին՝ հիշատակված քրգործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի դատավարական կարգավիճակում է նա հարցաքննվել և նաև՝ ի՞նչ է հաջողվել պարզվել, իսկ եթե չի հարցաքննվել, ապա խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ պատճառով դա տեղի չի ունեցել:

Երկրորդը՝ Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ, և եթե այո, ի՞նչ է հաջողվել պարզել դրա արդյունքում,

իսկ եթե ոչ, ապա ինչու այն չի դարձել քննության առարկա:

Երրորդը՝ առգրավվե՞լ է արդյոք Մովսես Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է 5 մարտական գունդ, դադարեցվել է ԶՈՒ լրահամալրումը:

Չորրորդը՝ պարզվե՞լ է արդյոք, թե ովքե՞ր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը, ով ինչ կարծիք է հայտնել դրա վերաբերյալ: Հիշյալ հարցի շուրջ հարցաքննվե՞լ է արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, թե՞ ոչ:

Հինգերորդ՝ դարձե՞լ է արդյոք քննության առարկա այն հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերին կատարված մարդկային և տեխնիկական ռեսուրսների սակավության պատճառով տագնապային կանխատեսումների պայմաններում վարչապետ Փաշինյանին այնուամենայնիվ հաջողվել է հասնել ԶՈՒ զորքերի համալրումը կասեցնելուն:

Ի՞նչ նպատակ է հետապնդել և ո՞ւմ շահերից է բխել թիվ 00038 հրամանը:

Նախօրոք ուզում ենք հայտնել, որ նշված հարցերի մեջ որևէ նախաքննական գաղտնիք չի պարունակվում, հետևաբար, մենք մինչև վաղը 17:00-ն սպասում ենք դատախազության արձագանքին»:

Տեսանյութեր

Լրահոս