Ո՞վ է «Իմ Արցախ, իմ հող ու ջուր,  իմ Հայաստան» երգի հեղինակը, և ովքեր են կատարում այն

Օրեր շարունակ ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաների ու երթերի ժամանակ հնչում է «Իմ Արցախ, իմ հող ու ջուր,  իմ Հայաստան» երգը: Այն կարճ օրերի ընթացքում արագ տարածվեց համացանցում՝ վերածվելով ընդդիմության երթերի յուրատիպ օրհներգի: Թե ով է երգի հեղինակը և ով է այն կատարում՝ հարցի պատասխանը հնչել է այսօր՝ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության առավոտյան եթերում:

«Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացում պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն ասել է, որ թե՛ խոսքերի, և թե՛ երաժշտության հեղինակն ինքն է:

«Ուղղակի երաժշտությունն ունի մի փոքր նախապատմություն.  ողնաշարը գրվել է դեռևս 4 տարի առաջ՝ իմ և Արման Պարսամյանի կողմից (հնչյունային ռեժիսոր):  Շատ տաղանդավոր մարդ է, շատ լավ ընկեր է և այն եզակի մարդկանցից է, ում հետ կես բառից հասկանում ենք  իրար: Շատ երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, ընկերություն ենք արել, ընկերություն անում ենք»,- պատմել է Ռուբեն Մխիթարյանը:

Նա հավելել է, որ երաժշտությունը գրվել էր «Հին արքաներ» հեռուստասերիալի համար. «Եթե մի քիչ ուշադիր լինեք, «Հին արքաներ» հեռուստասերիալի վերջին սաունդթրեքը, որի ժամանակ տիտրեր են գրվում, շատ կնմանեցնեք այս երաժշտությունը:

Բայց երաժշտությանն ավելացել է նաև կրկներգը, որի տողերը համացանցում վերջին երկու-երեք օրը մեծ քանակությամբ տարածվում են՝  «Իմ Արցախ, իմ հողուջուր, իմ Հայաստան»-ը: Երգի արդեն, այսպես ասած, ամբողջական տարբերակն իմն է, գործիքավորումն արել է Հայկ Գասպարյանը,  և երգի մեջ հնչում է ոչ միայն իմն ձայնը, այլ նաև՝ Հայկի, Սոֆի Մխեյանի, Վահե Բեգոյանի»:

«Ես ուղղակի երգը պատրաստեցի ու դրեցի իմ էջում, ու ստացվեց այնպես, որ կազմակերպիչները վերցրին ու սկսեցին հնչեցնել հանրահավաքների, երթերի ժամանակ,  և դրանից հետո շատ ավելի արագ սկսեց երգը տարածվել:

Իհարկե, հոլովակի մեջ ոչ մի տեղ նշված չէ, թե ովքեր են գրել, ովքեր են կատարում, և դա ինձ համար, օրինակ, սկզբունքային հարց է.  ես համարում եմ, որ այս պայքարը ոչ մեկինն է ու բոլորինն է»,- եզրափակել է հասարակական գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս