Բաժիններ՝

«Ով կարող է հզորացնել Հայաստանը, հետ բերել մարդկանց արժանապատվությունը, սահմաններն ապահովել, թող նա էլ հանձն առնի երկրի կառավարումը. նախկին է, ներկա է, մեզ համար ի՞նչ տարբերություն»

Հարցազրույց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ:

– Սրբազան, ինչպե՞ս ընտրեցիք աստվածաբանի մասնագիտությունը, ի՞նչը դրդեց, որպեսզի չընտրեք, օրինակ, «ավանդական»՝ իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն մասնագիտություններից որևէ մեկը:

– Դպրոցում ռազմագիտություն առարկան էինք անցնում, և քանի որ մանկուց դեպի զինվորական կրթությունը սեր ունեի, որոշել էի զինվորական դառնալ, փաստաթղթերս պատրաստել էի, պետք է գնայի Լվով և այդպես էլ արեցի, սակայն, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ԽՍՀՄ փլուզումը եղավ, ու ստիպված վերադարձա: Դիմեցի Գևորգյան հոգևոր ճեմարան և 12-ից մեկը ես էի, որ ընդունվեցի:

Այդ ժամանակ՝ 1988-89թթ., ինձ գրավել էր Վազգեն Առաջինի կերպարը: Ժողովրդի կողմից յուրահատուկ վերաբերմունք կար դեպի Վեհափառը: Եկեղեցականները հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո յուրահատուկ դեր ունեին. գրավում էր նրանց կրթվածությունը, կենցաղը: Բոլորը փափագում էին տեսնել Վեհափառին, և ճեմարան ընդունվելիս վերջին քննության ժամանակ Վազգեն վեհափառը մեզ ընդունեց, և յուրահատուկ զգացողություն ունեցանք: Ճերմակ, թափանցիկ կերպար էր:

– Ինչպես Ձեր խոսքում նշեցիք՝ տարիներ առաջ ժողովուրդ-եկեղեցի կապը կարծես շատ կար, հոգևորականին հարգում էին, հիմա տպավորություն է, որ մի փոքր հեռացել են միմյանցից: 2018 թվականին էլ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է մարդկանց կողմից պակասել հավատն ու վստահությունը եկեղեցականի նկատմամբ:

– Ես չէի ասի, թե կապը կտրվել է: Այն ժամանակ նոր էր Սովետական Միությունը փլուզվել, իսկ հիմա, միգուցե սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հոգևորականությունն առավել քան երբևէ ժողովրդի մեջ է: Այն ժամանակ փակ էր, միգուցե այդքան շատ շփում չկար, իսկ հիմա այդպես չէ: Մարդիկ հաճախ կարող են քննադատել մեզ՝ իբրև եկեղեցականների, որ չենք մտնում երկրում տեղի ունեցող գործընթացների մեջ, բայց պատմությունից էլ պարզ է դառնում, որ եկեղեցին միշտ իր խոսքն ասել է՝ հատկապես ժողովրդի համար օրհասական պահերին, որովհետև ազգային եկեղեցի է: Նախկինում էլ եկեղեցին տեսանելի կամ անտեսանելի իր ձայնը միշտ բարձրացրել է և լսելի է դարձրել՝ որքանով հնարավոր է:

Հիմա դռները բացվել են, շատ են դրսից ուժեր ներթափանցել Հայաստան: Խոսքը աղանդավորների մասին է, որոնք փորձում են ամեն կերպ վարկաբեկել եկեղեցականի կերպարը՝ տարբեր երևույթներ դրոշակ ու քննադատության թիրախ սարքելով, բայց ես իմ տեսանկյունից ասեմ, որ եկեղեցականները շատ մեծ հարգանքի են արժանանում մեր ժողովրդի կողմից:

– Խոսեցիք աղանդների մասին: ՀՀ-ում 2015 թվականին՝ 65, 2019 թվականի տվյալներով՝ կարծես թե գրանցված ու չգրանցված մոտ 100 կրոնական կառույց կա, մոտ 350.000 բնակիչ ընդգրկված է աղանդներում: 2008 թվականից ակտիվ մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, հողեր և գույք են գնում, որը պատկանում է ամերիկյան կառույցներին: Ինչո՞ւ եկեղեցին չի պայքարում սրա դեմ:

– Նշեցիք, որ օտար քաղաքացիները կազմակերպությունների անվան տակ գալիս են այստեղ և հողեր են գնում: Հայ Առաքելական եկեղեցու՝ սրա դեմ պայքարելու միակ միջոցը մարդկանց հետ աշխատելն է: Աղանդավորների դեմ պայքարի գործում միայն եկեղեցին չպետք է լինի: Նաև ազգասեր մեր իշխանությունները պետք է լինեն: Գրանցելուց առաջ պետք է տեսնեն՝ կրոնական կազմակերպությունն ազգանպա՞ստ է, թե՞ ազգադավ, պառակտի՞չ է, թե՞ ոչ: Մենք ունենք մեկ ազգային եկեղեցի, որն ազգակենտրոն է, և, բնականաբար, եթե իշխանություններն ազգային են, պետք է հավաքվեն ազգային եկեղեցու շուրջ: Աղանդավորների դեմ պայքարելու միակ միջոցը ժողովրդի մեջ եկեղեցու աշխատանքն է, որը որ կատարվում է:

– Հայաստանում լայնորեն քննարկվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցը՝ կապված դպրոցում այն դասավանդելու հետ: Մի կողմից՝ ասում են՝ այն կրոնի քարոզ է՝ ընդդեմ մարդու իրավունքների և Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության, մյուս կողմից՝ հարց են բարձրացնում, թե ովքեր են այն դասավանդելու՝ կրկին երգեցողության, հայոց պատմության ու ֆիզիկայի ուսուցիչնե՞րը, թե՞ հոգևորական:

– Իմ կարծիքով՝ հոգևորականի դպրոց գնալը շատ կարևոր է, բայց ունենք նաև աշխարհիկ մասնագետներ՝ ուսանողներ աստվածաբանության ֆակուլտետից, որոնք ուսումն ավարտելուց հետո ստանում են նաև մանկավարժության որակավորում, դպրոցում պրակտիկա են անցնում, և հիմնականում իրենք կարող են դպրոցներում դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն», սակայն, անշուշտ, նրանք թվով քիչ են, չեն հասցնի:

Կարող են դպրոցներում սեմինարներ անել, միջոցառումներին ներկա լինել, բայց կոնկրետ դասի գնալ հոգևորականը չի հասցնի: Սա պետության հետ պետք է կազմակերպել: Դժբախտաբար, մեր պետությունն այսօր կարծում է, որ եկեղեցականը երբ մտնում է դպրոց, ուրեմն քարոզչություն է անում, սակայն առարկայի շրջանակներում միայն դասավանդում են: «Հայր մեր» ասելը դեռ քարոզչություն չէ, այս կամ այն կաթողիկոսի կենսագրությունը կամ պատմական դեպքերին անդրադառնալը քարոզչություն չէ, այն մեր ազգային պատմությունն է, դիմագիծը: Ուզենք թե չուզենք՝ այն կա:

Կարծում եմ՝ առարկան անպայման պետք է մնա, դասավանդվի դպրոցում, և ինչպես մյուս առարկաները, որ ժամանակ առ ժամանակ ծրագրային փոփոխությունների են ենթարկվում, պետք է վերանայվի, ժամանակակից գրականություն ներմուծվի: Այն շատ կարևոր է, մեր ինքնության ողնաշարներից մեկն է: Եթե ասում ենք՝ հայ ազգ, հայ ժողովուրդ, դրա մեջ մտնում է նաև հայ եկեղեցին:

– Ի դեպ, Աստվածաբանության բաժինը որքանո՞վ է գրավում երիտասարդներին, դիմորդները շա՞տ են:

– Աստվածաբանությունը տնտեսագիտություն, իրավաբանություն, միջազգային հարաբերություն չէ, այստեղ գալիս են իրոք հետաքրքրված մարդիկ: Ավելի լավ է քիչ լինեն, բայց որակը լավ լինի: Հաճախ նաև հպարտանում եմ, որ, երբ մագիստրատուրա են դիմում ավելի քիչ քանակով, գիտաժողովների են մասնակցում, այնպիսի գնահատականներ ենք ստանում, որ ես ուղղակի հիացած եմ: Եթե մագիստրատուրայից հետո գոնե 3-4 լավ մասնագետ ունենանք՝ սա արդեն հաղթանակ է:

– ԵՊՀ դեկանները, այդ թվում՝ և Դուք, պահանջում եք Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Ի՞նչ թերություններ եք նկատել այնտեղ:

– Ես սխալ եմ համարում դեկանների նշանակումը, որովհետև կոլեկտիվները պետք է ընտրեն իրենց դեկաններին, որպեսզի համահունչ և խաղաղության մեջ կարողանան աշխատել: Կոլեկտիվը, ուսանողները պետք է ընդունեն այդ մարդուն, որպեսզի քաոս չլինի, նա հեղինակություն պետք է լինի նրանց համար: Ընտրություն պետք է լինի, բուհերը մաքսիմալ ինքնավարություն պետք է ունենան: Ռեկտորի ընտրությունն էլ, անշուշտ, լավ կլինի, որ կոլեկտիվը կատարի:

– Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ու մեր երկրում ստեղծված ծանր վիճակից հետո է՛լ ավելի է զգացվում եկեղեցու կարևորությունը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարծում է, որ Արցախի զգալի մասի կորուստը խաթարել է ազգային միասնականությունը, և հորդորում է ՀՀ վարչապետին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստանը նմանեցնում է փոթորկի մատնված մի նավի և հորդորում է անցումային կառավարություն ունենալ և առաջնահերթ կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն: Ի՞նչ պետք է անել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու, լուծումներ գտնելու համար:

– Իբրև քաղաքացի՝ ես ուզում եմ արժանապատիվ երկրում ապրել: Ես չեմ ուզում ամեն օր լուրերով լսել, որ հրադադարի պայմաններում, խաղաղապահների առկայության դեպքում գյուղերից գերի է վերցնում թշնամին: Չեմ ուզում իմանալ, որ հայ գերիների են սպանել, չեմ ուզում լսել, թե ինչպես են թշնամի երկրի ղեկավարները ծաղրում մեր երկրի պաշտոնյաներին: Սա ինձ ու, վստահ եմ՝ շատերի համար սարսափելի վիրավորանք է: Մենք գլխիկոր ենք ման գալիս: Վստահ եմ՝ բոլորն են ուզում արժանապատիվ երկրում ապրել արժանապատիվ կերպով: Ինձ համար նախկին, ներկա չկա:

Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ երբեք գլուխներս չկախենք, նման լուրեր չլսենք, չմտածենք, թե ինչու են մեզ ծաղրում, մեր սահմաններն ինչ վիճակում են, վաղը ի՞նչ է լինելու: Երբեք աջ ու ձախ կողմերից մեզ չասեն՝ խելոք նստեք տեղներդ: Բոլորիս հոգեկան վիճակն ահավոր է, ինչքա՞ն կարելի է: Արդեն ինչ էլ ասեն՝ կասկածանքով ենք վերաբերվելու: Թշնամին ցույց է տալիս գերիների, այստեղից ասում են՝ չկա նման բան: Ո՞վ չի ուզի հզոր Հայաստանում ապրել, դրա համար, ով կարող է հզորացնել Հայաստանը, մարդկանց ինքնասիրությունը, արժանապատվությունը հետ բերել, սահմաններն ապահովել, թող նա էլ հանձն առնի երկրի կառավարումը. նախկին է, ներկա է, մեզ համար ի՞նչ տարբերություն: Մարդիկ թող խաղաղ երկնքի տակ ապրեն, ոչ մի ծնող երեխա չկորցնի:

Եվ հիմա, զգալով քաղաքացիական պատերազմի վտանգը, Վեհափառը և մի շարք եպիսկոպոսներ ճիշտ հայտարարություն արեցին: Մեր եկեղեցին միշտ ասել է, որ մենք պետականության կողքին ենք, ոչ թե կուսակցությունների կամ օրվա իշխանությունների: Իսկ այսօր պետականությունը խարխլված է, մեկ էլ երևի այդպես եղել է 100 տարի առաջ, իսկ եկեղեցին, բնականաբար, իր ձայնը պետք է բարձրացներ՝ տեսնելով վտանգ, որ ներքին արյունահեղություն կարող է լինել:

Սա քաղաքականությամբ զբաղվել չէ, ժողովրդի ապագայով հայրական մտահոգություն է, որովհետև ոչ մի տարի նման վտանգ չենք ունեցել: Այսքան կորուստ, ցնցում, այսքան վտանգ՝ ներքին բախումների, մենք չենք ունեցել: Բնական չէ՞, որ եկեղեցին պետք է հայտարարություն աներ: Ես ևս այս իրավիճակից ելնելով՝ կոչ եմ անում, որ ՀՀ վարչապետը զգա պահի հրամայականը և հրաժարական տա, եթե այն կբերի խաղաղություն ու ապահովություն մեր երկրին:

«Իմ քայլում» շատ կարող մարդիկ կան, ովքեր պետք է շարունակեն իրենց ջանքերը ներդնել՝ երկիրը զարգացնելու համար: Որպես հոգևորական՝ այս մտահոգությունները հաշվի առնելով՝ կոչ կանեի համախմբվել ազգային գաղափարի շուրջ, երկիրը տանել խաղաղ նավահանգիստ: Ես նաև իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին, հատկապես 18-20 տարեկան երեխաների կորուստն անդառնալի է: Ցավոք, զոհերի թվում նաև մեր ուսանողներից կան: Զոհվեց նաև սարկավագ, գնդերեց, կան նաև անհետ կորածներ… Ամեն զոհվողի հետ մենք էլ ենք հոգեպես զոհվում, վիրավորվողի հետ վիրավորվում ու ապաքինվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս