«Ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա՝ բերեք այդպիսի օրինակ, որ գնացել է». Դանիել Իոաննիսյան

«Կարծում եմ՝ ցանկացած ընտրված ղեկավար պետք է հրաժարական տա այն դեպքում, երբ իր հրաժարականը պահանջում է լայն հանրությունը։ Պարտված, հաղթած, դրանք բոլորը գնահատողական բաներ են, այո, մենք պատերազմը պարտվել ենք, եթե հանրությունը, ժողովրդի լայն շրջանակները  պահանջեն վարչապետի հրաժարականը, ապա ես՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, կգնամ ու կկանգնեմ ժողովրդի կողքին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմում պարտված ղեկավարը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ։

Նրա խոսքով՝ ժողովրդի լայն շրջանակներն են ընտրել վարչապետին, հետևաբար՝ նրանք էլ կարող են նրա հրաժարականը պահանաջել։

«Դուք ժողովրդավարությունից լավ մեխանիզմ գիտե՞ք։ ՀՀ-ում տարբեր տվյալներով կա 2,5-3 մլն բնակչություն, ամենամեծ հանրահավաքը, որն այս պահին մենք տեսել ենք՝ ունեցել է 7400 մասնակից՝ դա հաստատ ժողովրդի լայն շրջանակ չէ։ Հանրահավաքի մասնակիցների քանակը մենք հաշվում ենք 2018 թվականի հունվարից սկսած, այն ժամանակ կարծեմ «Ելք» խմբակցության հանրահավաքն էր՝ գների թանկացման հետ կապված, և մեթոդաբանությունը հետևյալն է՝ բացի մեծ հանրահավաքներից, դրոնով նկարահանվում է, վերցվում է այդ նկարը, և դրա վրա բոլոր մարդիկ հերթով համարակալվում են, և հերթով հաշվվում է, կոպիտ ասած, թե քանի գլուխ կա»,- շեշտեց նա։

Եվ Դանիել Իոաննիսյանը շարունակեց մանրամասն բացատրել, թե ինչու են հաշվում հանրահավաքի մասնակիցներին՝ դեռ 2017 թվականից ասել են, որ հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ պետք է հանրությունը իրական թվեր ստանա, քանի որ մինչ այդ ստանում էր մանիպուլյատիվ թվեր։

«Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց խաբում են, և մենք ՝որպես կազմակերպություն, ունենք առաքելություն մարդկանց ստից պաշտպանելու»,- հավելեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս էր համակերպվում, երբ 44 օր իշխանությունը խաբում էր հանրությանը, Դանիել Իոաննիսյաննը պատասխանեց, որ չի համակերպվել, և դրա հետ կապված ունեցել է հրապարակային հայտարարություններ։

«Հրապարակավ ասել եմ, որ խնդրահարույց է գրաքննությունը, ապատեղեկատվությունը, հանրությանը սխալ տեղեկություններ ներկայացնելը։ Նույնը շատ ավելի կոշտ ասել եմ իշխանություններին ոչ հրապարակավ, դե, իշխանության ներկայացուցիչները համարում էին, որ իրենց քաղաքականությունն ավելի ճիշտ էր՝ տեսանք իրենց համարելու արդյունքները, բայց ես դա քննադատել եմ՝ ինչքանով, որ ռազմական դրությունը թույլ էր տալիս։ Սրա հետ կապված վերջին գրառումն արել եմ երեկ երեկոյան՝ նշելով, որ դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ես հիմա չեմ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, համարում եմ, որ իշխանությունը լրջագույն սխալներ է կատարել, որոնք չկատարելու դեպքում մենք կարող  է ունենայինք ավելի քիչ կորուստներ։ Բայց դուք ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա, բերեք մի այդպիսի օրինակ, որ գնացել է, ուզում եք՝ ես բերեմ օրինակներ, որ այդպես չի եղել։ Երբ ասում եք՝ նոնսենս է, դա իրականությանը չհամապատասխանող տվյալ է»,- նշեց Դ. Իոաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս