Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արևելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական
Մոսկվան առաջվա պես կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում ոչ կառուցողական է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Արեւելյան Միջերկրածովում, ապա մենք առաջվա պես կարծում ենք, որ այն ոչ կառուցողական է»,-ասել է նա խորվաթ պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:
Այսպես է Լավրովը մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն սպառնում է Միջերկրածովի կայունությանը:
«Մեկ եզակի օրինակ. ԱՄՆ-ը տարածաշրջանի բոլոր երկրներին ըստ էության արգելում է Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ համագործակցությունը՝ լինի դա ռազմատեխնիկական փոխգործակցության բնագավառում կամ որեւէ այլ կարեւոր բնագավառում»,-հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: