«Անկեղծ ասեմ՝ մտավախություն ունեմ ընտրություններում դատական համակարգի սաբոտաժից». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ պետք է անել այն ժամանակ, երբ «խելքի» կբերվի Ընտրական օրենսգիրքը։
«Նաև, երբ խելքի կբերվեն ամբողջ ընտրությունների հետ կապված հանրային իշխանության բոլոր մարմինները, որպեսզի կարողանանք ունենալ պատշաճ ընտրություններ։ Արդյո՞ք սա հնարավոր է անել երկու ամսում, ազնվությամբ ասած՝ այդքան իրատեսական չէ։ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան ասում է, որ Ընտրական օրենսգիրք փոխելուց ցանկալի է 12 ամիս չունենալ ընտրություններ, սա ես ասել եմ նաև 2018 թվականին։ Բայց սա վերաբերում է սովորական իրավիճակներին, երբ չկա ֆորսմաժորային իրավիճակ, հիմա եթե կա ֆորսմաժորային իրավիճակ, պետք է հասկանանք այդ ռեկոմենդացիան։ Դա ինչի՞ համար է, որպեսզի բոլոր խաղացողներն իմանան խաղի կանոնները և ժամանակ ունենան նախապատրաստվելու այդ խաղի կանոններին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։
Ըստ նրա, եթե կա ֆորսմաժորային իրավիճակ, ապա կարելի է 12 ամսվա ռեկոմենդացիային չհետևել, դրա փոխարեն՝ ունենալ, օրինակ, մի քանի ամիս։
«Կարծում եմ՝ օպտիմալ ժամկետն այս դեպքում կարող է լինել Ընտրական օրենսգիրքը փոխելուց 2-3 ամիս հետո։ Մեզ պետք է որակյալ ընտրություններ, երբ ընտրություններ լինեն, կլինի վաղը-մյուս օրը, թե 7 տարի հետո, պետք է լինեն որակյալ, որպեսզի ձևավորված ԱԺ-ն արտահայտի հանրային տրամադրությունները, ձևավորված Կառավարությունն էլ արտահայտի մեծամասնության տրամադրությունները։ Սրա համար մեզ պետք է որակյալ Ընտրական օրենսգիրք, նաև հարակից օրենքների փաթեթ, դրա համար մեզ պետք է պատշաճ իրականացում, այսինքն՝ ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, ընտրական հանձնաժողովները նորմալ իրականացնեն իրենց գործառույթները։ Այստեղ հատուկ կշեշտեմ դատարաններին, որպեսզի դատարաններն անաչառ քննեն ընտրական հանցագործությունները՝ ում կողմից էլ որ դրանք լինեն»,- հավելեց նա։
Անդրադառնալոբվ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դատավորների հանդիպմանը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ չգիտի ՀՀ որևէ ղեկավարի, որը դատական իշխանության ներկայացուցիչների հետ նման ձևաչափով հանդիպում չի ունեցել։
«Ես այս հանդիպումը ճնշում չեմ գնահատում, քանի որ ճնշումները տեսել եմ, ես տեսել եմ դատավոր սրանից 6 տարի առաջ, ինձանից ներողություն խնդրեց նրա համար, որ ինքը ստիպված է կայացրել այն որոշումը, որը կայացնում է։ Հիմա ես նման բան չեմ տեսել։ Եթե Հայաստանում դատական համակարգը լիներ գործադիրին ենթակա, ապա մենք հիմա բավականին այլ իրավիճակ կունենայինք։ Մենք ունենք դեպք, երբ մարդու մոտ հայտնաբերվել է բազմաթիվ զենք-զինամթերք, այդ մարդը հեռախոսով խոսել է վարչապետին խփելու մասին, և դա բոլորս տեսել ենք, այդ մարդն այսօր ազատության մեջ է։ Դուք նման բան պատկերացնո՞ւմ էինք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։
Ես անկեղծ ասեմ՝ մտավախություն ունեմ ընտրություններում դատական համակարգի սաբոտաժից։ Մտավախություն ունեմ, որ, եթե վաղն ունենանք ընտրություններ, դատական համակարգը կարող է այն աստիճանի սաբոտաժի գնալ, որ ընտրական հանցագործություններ կատարած անձին պատասխանատվության չենթարկի»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։