«Ես ՀՔԾ-ին ձայնագրություն չեմ տրամադրել»․ Մովսես Հակոբյան
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն՝ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Փաշինյանի՝ Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ-ին և վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում. Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ, իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Հակոբյանը հաստատել է, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը, ըստ լրատվամիջոցի՝ տրամադրվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։
ՀՔԾ-ից, սակայն, 168.am-ին հայտնեցին, որ նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել՝ լուրը որակելով բացարձակ ապատեղեկատվություն:
Մենք կապ հաստատեցինք Մովսես Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես կմեկնաբանի ՀՔԾ պատասխանը, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետն ասաց. «Ես ասել եմ՝ ինձնից պահանջել են: Ես իրենց ձայնագրություն չեմ տրամադրել»:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք տրամադրել՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել»: