«Եթե այս իշխանությունը մնա կառավարման ղեկին՝ վաղը հնարավոր է՝ Շենգավիթի մատույցներում մարդիկ կորեն». Ռազմական փորձագետ
Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- նշված էր ՊԲ հաղորդագրության մեջ։
Մինչ այդ հաղորդագրությունը, համացանցում արդեն լուսանկարներ ու տեսանյութ էր շրջանառվում, որ 100-160 հայ զինվոր Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերից գերի են ընկել։ Ավելին՝ ըստ տարբեր կայքերի, գերի ընկած հայ զինվորների մեծ մասը Շիրակի մարզից են։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ հիմա փորձում է պարզել, թե ինչ է կատարվում։
«Ըստ իս, ստացվում է, որ արդեն երեք օր է՝ այդ իրավիճակը շարունակվում է, և նոր միայն հարազատների ահազանգելուց հետո Պաշտպանության նախարարությունը բարեհաճեց ինչ-որ զարմացած բաներ դնել։ Այսինքն՝ տեսնում եմ միտում տեղեկատվությունը մարդկանցից թաքցնելու համար, այդ թվում՝ հարազատներից։ Սա անթույլատրելի խայտառակ վատ միտում է, մարդիկ ստիպված ադրբեջանական ինչ-որ կայքերից, լրատվամիջոցներից են իմանում՝ ինչ է կատարվում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց, որ կոնկրետ այս իրադարձությունների հետ կապված չի կարող ասել՝ միտումնավո՞ր է ամեն ինչ արվում, թե՞ ոչ, քանի որ մանրամասներին տեղյակ չէ, բայց որ միտումնավոր տեղեկատվությունը թաքցնում են՝ փաստ է։
«Կարծում եմ՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակն այն է, որ իշխանության նկատմամբ հասարակությունը մեծ ցասում ունի, և իշխանություններն իրենց այդ անհեռատես մոտեցմամբ փորձում են նվազեցնել այդ ցասումը։
«Բայց միևնույն է՝ տեղեկատվությունը տարածվում է, ինչն իշխանությունների համար ավելի վատ է։ Ըստ էության, իշխանությունն ամեն տեղ է ոչ պրոֆեսիոնալ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակում, որովհետև նման հիմարություն ոչ մեկը չի անի։ Ի՞նչ է, հույս ունեին, որ օրերով ու շաբաթներով կարող էին թաքցնե՞լ այս փաստը, որ մեծ թվով մարդիկ կարող են կորել ու դրա մասին ոչ մեկը չիմանա՞»,- հավելեց նա։
Միաժամանակ նա նկատեց՝ եթե այս իշխանությունն է շարունակելու մնալ կառավարման ղեկին, ապա վաղը հնարավոր է՝ Շենգավիթի մատույցներում մարդիկ կորեն։
«Բայց եթե այս իշխանությունը գնա, և ձևավորվի ժամանակավոր կառավարություն, գուցե հնարավոր կլինի այս ամենը կանգնեցնել ու լրացուցիչ կորուստներ չունենալ»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։