Բաժիններ՝

«Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից»․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին:

Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտներն, ամրացնենք մեր պետականությունը»:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս