«Ինչո՞ւ է «Իսկանդերը» ամսի 7-ին կիրառվել Շուշիում․ դուք ամսի 7-ին ռմբակոծել եք Շուշին․ ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով»․ Միքայել Մինասյան
«ՀՀ-ն ուներ մշակված պլան, եթե Ադրբեջանի ագրեսիան տևում է ավելի, քան 6 օր, 7-րդ օրը Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, որպեսզի դրանից հետո սկսվեր ուրիշ գործընթաց։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը․ նա երբեք չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Փոխարենը կոչ արեց հայ համայնքի ներկայացուցիչներին փակել ճանապարհները անհասկանալի վայրերում և պահանջել անհասականալի քաղաքներից, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը»,- իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ֆրեզնոյում 5 կամ 7 մարդ, որոնցից մեկին դանակահարեցին, Նիկոլ Փաշինյանի կոչով փակում են ճանապարհ ու պահանջում են ԱՄՆ-ից ճանաչել Արցախի անկախությունը։ Դուք պատկերացնո՞ւմ եք մարդու՝ իրապես չհասկանալու աստիճանը։ Լավ, այն մարդիկ անկեղծ մտածում էին, որ հայրենիքին են օգնում, բա հայրենիքի ղեկին նստած մա՞րդը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ չեն օգտագործվել լոբբիստական կազմակերպությունները, դեսպանատները, հայական տեսակետը չի ներկայացվել աշխարհում։
Նա անդրադարձավ պատերազմի օրերին իմքայլական արդեն նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից Նիկոլ Փաշինյանի որդու PR արշավին․ «Պատերազմի 32, թե 33-րդ օրը, երբ մենք զիջել էինք մեր հայրենիքի մեծ մասը, ունեինք հազարավոր զոհեր, նա գրում է, թե Աշոտը հերոս է, մեծարում Փաշինյանի որդուն։ Սա՞ է մեր հասարակությունը։ Ես կարդացի, որ Արարատ Միրզոյանը, որին մաղթում եմ առողջություն, կիսվելով Փաշինյանի նկարով՝ գրեց՝ սա է մեր գերգույն գլխավոր հրամանատրը, չշկռվեք։ Ես անկեղծ շատ շշկռված եմ, ու քանի որ աներևակայելի շշկռված եմ, ուզում եմ մի քանի հարց տալ, որոնց պատասխանները գիտեմ, բայց ես հուշում եմ մարդկանց, որ այդ հարցերն ուղղեն իշխանություններին, ընդ որում՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։ Հարց 1․ ինչո՞ւ ՀՀ-ն չի վկայակոչել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված 3 պայմանագրերը, որոնցով, երբ վտանգ է սպառնում ՀՀ անվտանգությանը, ՌԴ-ն պարտավոր է անել՝ մեկ, երկու, երեք․․․ Երկրորդ՝ երբ ռմբակոծվում էր ՀՀ-ն, ինչո՞ւ ՀՀ-ն կոնկրետ չդիմեց ՀԱՊԿ-ին։ Երրորդ՝ կոնկրետ ո՞ր օրն է ընկել Շուշին և ո՞ւմ հրամանով է հանձնվել Շուշին։ Չորրորդ՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» ամսի 7-ին կիրառվել Շուշիում։ Դուք ամսի 7-ին ռմբակոծել եք Շուշին․ ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով։ Ինչո՞ւ ոչ մի անգամ չեն կիրառվել մեր բալիստիկ հրթիռները, «Իսկանդերը», «Տոչկա-Ու»-ն, և այլն, որպեսզի վնասեն ադրբեջանական նավթամուղային ինֆրաստրուկտուրան։ Ինչո՞ւ չի ռմբակոծվել որևէ օդանավակայան, որովհետև Ադրբեջանի բոլոր օդանավակայանները հասանելի են «Իսկանդերի» համար։ Ինչո՞ւ չճանաչվեց Արցախի անկախությունը՝ պատերազմի ողջ ընթացքում։ Ո՞վ է հրաման տվել՝ չուղարկել Արցախի Հանրապետություն կոնկրետ զինատեսակներ, որոնք ստացվել են ՌԴ-ից, որպեսզի փակեն օդը։ Ո՞վ է հրաման տվել 5-րդ կորպուսին և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ազգային հերոսի կոչումով օժտել մի անձնավորությանը, որը տարել և հարյուրավոր զոհեր է տվել, և ի՞նչ կոնկրետ խնդիր էին լուծում տղաներն այնտեղ»։