Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար Արթուր Դավթյանի համագյուղացիների ակցիան` Նազելի Բաղդասարյանի մոր հ/ը լուսաբանմամբ
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը` ի սատարումն Նիկոլ Փաշինյանի և դեմ լինելով 17 կուսակցությունների առաջադրած վարչապետի միասնական թեկնածուին:
Շիրակի մարզի «Ցայգ» հեռուստաընկերությունը, որն ակտիվորեն լուսաբանում է փոքրաթիվ ակցիան, դրան ծավալ ու կշիռ հաղորդելու համար նշել է, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու Հոռոմի խաչմերուկում խաղաղ ակցիա են իրականացրել հարակից գյուղերի բնակիչները՝ ի զորակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Բնական է, որ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մորը` Մարգարիտա Մինասյանին պատկանող հեռուստաընկերությունը պետք է այս ակցիան հնարավորինս նշանակալից կերպով ներկայացներ, սակայն իրականում, 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիային մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծննդավայրի՝ Հոռոմ գյուղի մի խումբ բնակիչներ, որոնց թվում կան նաև վերջինիս ազգականները:
Ի դեպ, Արթուր Դավթյանի հայրը երկար տարիներ եղել է Հոռոմի գյուղապետը: Գլխավոր դատախազի ծնողներն այսօր էլ ապրում են գյուղում:
Ինքնին զավեշտ է փաստը, որ ի աջակցություն գործող վարչապետի` փողոց է փակվում, բայց նկատենք, որ վերոբերյալ ասոցիացումները պակաս ժպիտ չեն հարուցում: