«Բենզինի վրա նստած ինչ-որ ենթասպա մուննաթ է գալիս կուսակցությունների վրա». Գեղամ Մանուկյան

Երևանում և տարբեր մարզերում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են:

«Արժանապատվության երթ» անունը կրող ակցիայի շրջանակներում քաղաքացիները Երևանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթեր են մեկնարկել Փակ Շուկայից, Սարյան-Լեո խաչմերուկից, Աբովյան փողոցից, ՍայաթՆովա-Չարենց խաչմերուկից:

Սայաթ-Նովա Չարենց խաչմերուկում մեկնարկած ակցիայի ժամանակ, նախքան բերման ենթարկվելը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկումներին, թե գործող իշխանությունները, կարծեք թե, շարունակում են իրենց բնականոն աշխատանքները, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց.

«Իրենք վիրտուալ մի Հայաստան են սարքել, որտեղ նիստ են անում, որոշում են կայացնում, ինչ-որ գումարներ են փոխանցում, ԱԺ ինչ-որ հիմարագույն որոշումներ են կայացնում, բայց իրենք կտրված են իրականությունից:

Էդ ուրիշ, որ Սուրեն Պապիկյանը կարող է շիշ բռնող Հայկ Սարգսյանով ձևավորել ինչ-որ փոքր աջակցության հանրահավաքներ: Երեկ տեսա ապարանցիներից մեկին, այդ ապարանցուն ես կպատասխանեմ մի օր: Բենզինի վրա նստած ինչ-որ ենթասպա մուննաթ է գալիս կուսակցությունների վրա՝ բա գայիք առաջնագիծ:

Այստեղ կանգնած տղաների 90 տոկոսն այդ առաջնագծից եկածներ են: Պոռոտախոսներ, գումարով մարդ բերողներ: Շատ քիչ մնաց ՝ հիմա կպարզվի՝ մարզպետարաններից ոնց են գումարներ հատկացնում…»:

Իրենց վերագրվող մեղադրանքներին նա արձագանքեց. «Մի հատ այս տղաներին ասեք, էդ ո՞վ է 5000-ով  եկել»:

Արդյո՞ք երթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտից մեկնարկելը պատահմամբ է ստացվել հարցին էլ՝ նա պատասխանեց դիտարկումով.  «էստեղ մանկական խաղալիքների խանութ էլ կա, շատ հարմար իրար գտել էին»:

Ավելի ուշ ոստիկանները ակցիայի մասնակցիներին հորդորեցին մայթով իրականացնել երթը, չքայլել փողոցով, ապա նաև՝ քաղաքացիներին բռնի  ուժով բերման ենթարկեցին: Բերման ենթարկվեց նաև Գեղամ Մանուկյանը:

Երթի մասնակիցները բացականչում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

 

Տեսանյութեր

Լրահոս