«Թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը հեռանալու են». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրենց փողոցային պայքարը արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ պայքարը դեռևս ընթացքի մեջ է։

Պատգամավորը վստահ է, որ այդ գործում իրենք հաջողելու են, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի։

«Սա ոչ միայն ԲՀԿ-ի, արտախորհրդարանական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, վարչապետների, մտավորականների կողմից ձևավորված օրակարգ է, այլև մեր երկրի առջև ծառացած ազգային անվտանգության հարց է։ Այսօր, երբ Արցախի 75 տոկոս տարածքի կորստից հետո վտանգված է նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, այլևս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի և նրանց բնակիչների ճակատագրերը, Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդիսանալ ՀՀ անվտանգության երաշխավոր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Իվետա Տոնոյանը։

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հետ կապված ունեն բոլոր պլանները, ճանապարհային քարտեզը, հետևաբար՝ բացառում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ևս մի քանի ամիս պաշտոնավարել։

«Կարծում եմ՝ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը հեռանալու են։ Օրենքով թույլատրված բոլոր միջոցներով մենք դրան հասնելու ենք»,- հավելեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության գիտակցության մեջ դե ֆակտո արդեն հեռացել է։

«Համոզված եմ, որ իրենք էլ են դա հասկանում, այստեղ խնդիրը պարզապես դե յուրե ձևակերպումն է, մեր կողմից իրագործվելու են օրենքի սահմաններում բոլոր միջոցները, որպեսզի այս իշխանությունը դե յուրե հեռանա»,- նշեց Արման Աբովյանը։

Տեսանյութեր

Լրահոս