Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում գոյացած հումանիտար ճգնաժամը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:
Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունն է հրավիրել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։