Ովքե՞ր էին Երևան-Բաքու հատուկ չվերթի ուղևորները. պարզաբանում է ԱԳՆ խոսնակը
168.am–ը տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
Փորձել էինք նաև թռիչքի մասին տեղեկություններ ստանալ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանից: Զանգերը մնացել էին անպատասխան:
Քաղաքավիացիայի կոմիտեի պետի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը մասնավորապես հայտնել էր. «Ես պետք է խնդրեմ՝ կոնկրետ այդ դեպքի հետ կապված բոլոր հարցերով Դուք դիմեք Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին»:
Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրեց. «Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»: