«Նախարարությունն ուզում է ձևավորել լիակատար կառավարելի, խամաճիկային տարբեր հաստատություններ». Նարինե Դիլբարյան

Դեկտեմբերի 3-ին Կառավարությունը հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ համարելով այն անհետաձգելի։

Օրենքի նախագծով հնարավորություն է տրվում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ավելին՝ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Օրենքի նախագիծն ունի դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին և, ըստ այդ դրույթի՝ ԳԱԱ-ն լուծարվելու է:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը 168.amհետ զրույցում անդրադառնալով օրենքի այս նախագծին՝ նկատեց՝ նախագծի խնդրահարույց լինելուն անդրադարձել են շատ վաղուց, երբ հանրային քննարկում ու խոսույթ էին ձևավորում:

«Մեր դիրքորոշումը միանշանակ եղել է բացասական, այդ խնդրահարույց հարցերին ավելացնեմ նաև, իմ կարծիքով՝ ևս մեկ պետական շատ կարևոր խնդիր, որը ոտնահարվում է, օրենք է խախտվում, դա «Լեզվի մասին» օրենքն է: Այդ օրենքում նշվում է, որ ՀՀ բոլոր կրթական և մասնագիտական հաստատություններում հայոց լեզվի քննությունն ու ուսուցումը պարտադիր է, սակայն այս նախագիծը, ի խախտումն այդ օրենքի, շարունակում է առաջ տանել այն ուղեգիծը, ըստ որի՝ հայերենն այսպես ստորադաս լեզու է: Ընդ որում, սրան միացավ նաև Կառավարության նիստերից մեկի ժամանակ ընդունված քննությունների առարկայացանկը, որտեղ հայերենը դարձավ կամընտրական առարկա՝ անգլերենի հետ զուգաշարում»,- նշեց Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով՝ օրենքի մի նախագիծ, որը խախտում է բոլոր օրենքները և, ըստ էության, Սահմանադրությունը, չպետք է դնեն Ազգային ժողովում քննարկման:

«Հուսամ, որ գոնե այս իրավիճակում կկայացվի խելամիտ որոշում, և այդ նախագծերի փաթեթը հետ կկանչվի, և ՀՀ կառավարությունը կգործի այն ճանապարհով, որ ինքն է Սահմանադրության երաշխավորը: Այս ամբողջ նախագիծը ցույց է տալիս, որ նախարարությունն ուզում է ոչ թե քաղաքականացնել բուհերը, այլ ձևավորել լիակատար կառավարելի, խամաճիկային տարբեր հաստատություններ: Քանի որ ինստիտուցիոնալ կառույցները միշտ  կարող են քննադատել և դիմագրավել որևէ քաղաքականության, որոշում է կայացվել ջլատել դա»,- շեշտեց նա:

Զրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս