«Ելքը մեզ համար միայն մեկն է եղել՝ հաղթանակը, և մենք հաղթանակի համար կյանք չենք խնայել». Ռուստամ Բաքոյան
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
– Պարոն Բաքոյան, Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Դուք անձամբ էիք եզդիական համայնքից կամավորական ջոկատների ուղեկցում առաջնագիծ: Պատերազմի նման ելք սպասելի՞ էր Ձեզ համար:
– Ելքը մեզ համար միայն մեկն է եղել՝ հաղթանակը, և մենք հաղթանակի համար կյանք չենք խնայել, արել ենք անհնարինը: Սակայն պետք է հաշվի առնենք այն իրողությունները, որոնք գոյություն են ունեցել այս տարիների ընթացքում: Այս ելքը, որը մենք ունեցանք, ցավոտ էր, բայց այն, ինչ ունենք այսօր, պետք է դրա հետ հաշվի նստել և շարունակել զարգացնել երկիրը:
– Հայտնի՞ է, թե Եզդիական համայնքից քանի՞ մարդ է զոհվել և քանի՞սն են անհայտ կորած:
– Հայտնի է, որ մեկ տասնյակից ավելի զոհ ունենք և բազմաթիվ եզդիների, հատկապես՝ ժամկետային զինծառայողների ճակատագրեր անհայտ են: Կամավորականներից էլ ունենք, որ մինչև այս պահը նրանց մասին տվյալներ չունենք:
– Պատերազմի ընթացքում մեզ հետ զրույցում դուք ասել էիք, որ երկրորդ կամավորական ջոկատը պետք է ուղեկցեք առաջնագիծ: Ասում էիք, որ տղաները շատ ոգևորված են, միայն հաղթանակի համար են պայքարում, մինչդեռ ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը հայտարարում են, որ զինվորները բարոյալքված են եղել, առաջնագծից փախել են, Դուք առաջնագծում նման բան տեսե՞լ եք:
– Այո, անձամբ տեսել եմ, ցավով պետք է ասեմ, որ Ջաբրայիլի հատվածում հազարից ավելի մարդկանց եմ տեսել, նրանք դեպի դիրքեր չէին գնում, այլ հակառակ ուղղությամբ էին գնում: Ի դեպ, ասեմ, որ մեր երրորդ ջոկատն էլ էր կազմավորվել և պետք է մեկներ առաջնագիծ, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որից տեղյակ եք, դրանից հետո չմեկնեց: Մինչև դեկտեմբերի 8-ը մեր տղաները պատրաստվում են կրկին մեկնելու առաջնագիծ՝ պաշտպան կանգնելու մեր սահմաններին: Տղաների մասով վստահ կարող եմ ասել՝ մեր երկու ջոկատներն էլ իրենց առջև դրված մարտական խնդիրները կատարել են և շատ բարձր մակարդակով են կատարել: Եզդիական ջոկատը եղել է հարավային հատվածում, Ջաբրայիլի հատվածում, և այդ հատվածում էլ իրենք կարողացել են իրենց ճիշտ մարտավարության և մի քանի գործիքների կիրառումով իրենց դիրքերն ամուր պահել:
– Եզդիական համայնքն ի՞նչ կարծիք ունի՝ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետ կապված: Տեսնում եք, որ այս օրերին Ազատության հրապարակում հավաքվում են մարդիկ և պահանջում են նրա հրաժարականը՝ նշելով, որ նման հայտարարություն ստորագրած ղեկավարը բանակցային սեղանի շուրջ չի կարող պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը:
– Խոսել ամբողջ եզդիական համայնքի անունից, կարծում եմ՝ արդարացի չէ, քանի որ համայնքից կլինեն մարդիկ, ովքեր կգտնվեն մյուս բևեռում, և խոսել այդ մարդկանց անունից և ասել, որ ամբողջ եզդիական համայնքը վարչապետի կողքին է, կարծում եմ՝ իրադարձությունները տեսնում եք, թե ինչպիսին են: Երկու բևեռում էլ կարող են լինել մարդիկ, և եթե տեսնում եք՝ կան էլ, նրանք ՀՀ քաղաքացի են և կարող են իրենց դիրքորոշումն ունենալ՝ լինի դիմադիր թե ընդդիմադիր: Դա իրենց որոշումն է, սա համայնքային որոշում չէ, այստեղ համայնքը պետք է, գոնե ես այդպես եմ մտածում և, որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին, եղբայրներին, որ ժամանակն է համախմբվելու այն արտաքին մարտահրավերներին դիմակայելու, որոնք այս պահին մենք ունենք սահմանին և առհասարակ: Երբ մենք կունենանք կայուն վիճակ Հայաստանում, դրանից հետո մենք կարող ենք պահանջների մասին խոսել:
– Ո՞ւմ շուրջ պետք է համախմբվեն:
– Կարծում եմ՝ պետք է համախմբվեն գործող իշխանության կողքին:
– Նոյեմբերի 10-ից հետո Ձեր խմբակցությունում եղան պատգամավորներ, որոնք կամ մանդատը վայր դրեցին, կամ դուրս եկան խմբակցությունից, Դուք նման մտադրություն ունե՞ք:
– Ես նման խնդիր չեմ տեսնում՝ մանդատը վայր դնելու կամ խմբակցությունից դուրս գալու: Ես եմ կոչ անում միասնականության, որ սա այն պատեհ պահը չէ պահանջ ներկայացնելու, և եթե ես նման քայլ անեմ, ապա չեմ հարգի այդ որոշումը:
Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում