«Ես անձամբ Փաշինյանին անվտանգության երաշխիք եմ տալիս». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներին դիմելու են, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա։

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանիհամար  այլևս ոչ միայն իրավապահ ուժերը, այլև առհասարակ պետական համակարգը, պետական կառույցները չեն աշխատում։ Ոստիկաններն ուղղակի իրականացնում են իրենց աշխատանքը, ապահովում են մեր բոլորի անվտանգությունը, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը չմեկնաբանեց այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանն իր մոտ բանագնաց է ուղարկել՝ սեփական անվտանգությունն ապահովելու ակնկալիքով։

«Անձամբ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիք եմ տալիս։

Այն ժամանակ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ գա, այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրեց միասնական վարչապետի մեր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, որը կարճ և համառոտ ներկայացրեց, թե ինչ անելիքներ ունի անցումային կառավարությունը։ Այսինքն, այն գլխավոր հարցը կամ հարցերը, որոնք կային, իրենց պատասխանները ստացան, ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե ունի մի փոքր պարտքի զգացում դեպի հայրենիքը, եթե ունի պետության և պետականության զգացում, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը և թույլ տա կարող ուժերին իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը և լուծել խնդիրները»,- հավելեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը չի լսել՝ չի կարողանում այլևս նրան տեսնել, օրվա ավարտին ելույթի սղագրությունը կկարդա։

«Նիկոլ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից, այսինքն, եթե եղել են կամ չեն եղել ձախողումներ, ապա նախկինների պատասխանատվությունից դա դուրս է եկել։ Նա մշտապես հայտարարում է իրարամերժ ինչ-որ բաներ, և այսօր մենք կանգնել ենք մի իրավիճակի առջև, որը մեր նորագույն պատմության մեջ ամենաողբերգական օրերն են»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս