Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ եթե կառավարության ղեկավարն ինքը լինի ու կարողանա ինքն անցկացնել ընտրությունները, դա թույլ կտա իրեն ինչ-որ շանսեր ունենալ․ «Փաստ»

«Փաստ» թերթի հետ զրույցում՝ անդրադառնալով այն իրողությանը, ըստ որի, Ն. Փաշինյանը չի հրաժարվում վարչապետի աթոռից, շարունակում է արդարանալ ու ինչ-որ ծրագրեր ներկայացնել՝ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նախ այս ամենը ինքնապաշտպանվելու ոճի մեջ դիտարկեց.

«Ինքնապաշտպանվել այն բանից հետո, երբ երկիրը տարել ես պարտության, կապիտուլ յացիա ես ստորագրել, շատ ավելի խայտառակ փաստաթուղթ ես ստորագրել, քան երբևէ կարելի էր երևակայել: Միայն այն, որ ինքնակամ հրաժարական չի տվել, արդեն խոսում է քաղաքական որակի մասին: Ես չեմ խոսում դեռ խնդրի բարոյական կողմի մասին: Հիմա անգամ անիմաստ է խոսել այն մասին, թե ինչպես է արդարանում, որովհետև ցանկացած իր արդարացում մի քանի րոպե հետո հակահարված է ստանում:

Ամենավառ օրինակն Արցախի Հանրապետության և ՀՀ-ի բոլոր նախկին նախագահների պատասխանն էր: Շատ կարճ էին պատասխանում՝ ասելով՝ «հերթական անգամ սուտ է ասում», իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներ» բնորոշումը տվեց: Նման բնորոշումները, ամեն դեպքում, բավականին լուրջ ստատուս ու դիրք ունեցող մարդկանց կողմից են հնչում:

Ն. Փաշինյանն այս իմաստով բարձր մակարդակի վրա դրեց իր դիսկուրսի մակարդակը ու բավականին կոշտ պատասխան ստացավ բոլոր նախկին նախագահներից: Կարծում եմ՝ դրանից հետո ինքնաարդարացումների, ինչպես նաև պատասխանատվության դոզան այս կամ այն անձի գրպանը գցելու մասին խոսելն անիմաստ է, որովհետև դա չի ստացվում ու չէր էլ կարող ստացվել, քանի որ արձանագրված կապիտուլյացիան ամեն ինչ սրբում է»:

Խոսելով, այնուամենայնիվ, իշխանության մնալու փորձերի մասին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Մի կողմից ինքնապաշտպանության բնազդն է աշխատում՝ նաև քաղաքական իմաստով, մյուս կողմից՝ առայժմ որոշակի պարտավորություններ ունի, որից ինքը չի կարողանում փախչել և չի կարող անգամ մեծ ցանկության դեպքում. նա փաստաթուղթը ոչ միայն ստորագրել է, այլև պարտավոր է անձամբ իմպլեմենտացիա անել՝ իրականացնել այն կետ առ կետ, ստորակետ առ ստորակետ: Ինքն աշխարհաքաղաքական կուրատորներին պարտք է և պետք է կատարի դա: Ամեն դեպքում, կետ առ կետ գրեթե ամեն ինչ կատարել է, և, կարծես թե, առանձնապես պետք էլ չէ արդեն: Եթե որևէ մեկը խաբնվում է նրանով, որ, օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ նա դավաճան չէ, որ այսպիսի փաստաթուղթ ստորագրելու համար տղամարդկություն է պետք ունենալ, ապա որևէ բան չի հասկանում ոչ թե մեծ, այլ տարրական քաղաքականությունից:

Նույնիսկ իշխանության ներկայացուցիչների ելույթներից և հարցազրույցներից է զգացվում, իրենք էլ են հասկանում, որ արտահերթ ընտրությունների անցկացումը գրեթե փաստ է, որը տեղի է ունենալու:

Ն. Փաշինյանն ընդամենը փորձում է ձգել ժամանակը: Ես խոսեցի քաղաքական ինքնապաշտպանության բնազդի մասին: Եվ այս իմաստով ինքը շատ լավ է հասկանում, որ եթե կառավարության ղեկավարն ինքը լինի ու կարողանա ինքն անցկացնել այդ ընտրությունները, դա թույլ կտա իրեն ինչ-որ շանսեր ունենալ:

Օրինակ՝ վարչական ռեսուրսների, գուցե ինչ-ինչ այլ ռեսուրսների ու ճնշման միջոցներով փորձել քիչ թե շատ արժանի արդյունք ունենալ այդ ընտրություններում: Հիմա փորձում է ժամանակ ձգել, որ արտահերթ ընտրություններն ինքն անցկացնի: Բացի այդ, կարծում եմ, որ առ այս պահը նա թե՛ արտաքին ուժերի, թե՛ գուցե նաև ներքին ուժերի կողմից դեռ չի ստացել անվտանգության բոլոր երաշխիքները, որն ինքն ուզում է և որոնք անհրաժեշտ են իրեն իր հեռանալուց հետո: Այսինքն, վերոնշյալ ձգձգումը նույնպես փորձ է բանակցային ռեսուրս ունենալու, այլ կերպ ասած՝ սակարկությունների համար: Սա է իր խնդիրը, իսկ ստրատեգիապես ինքը դուրսգրված է: Նա էլ, իր թիմն էլ շատ լավ հասկանում են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, խնդիրը զուտ պահն է՝ ուզում են հնարավորինս պատրաստ վիճակում գնալ ընտրություններին»: Իսկ թե այդ ձգձգումն ի՞նչ վտանգներով է լի, քաղտեխնոլոգը նկատում է.

«Հիմա երկրում անիշխանություն է, որովհետև Ն. Փաշինյանի ենթակայության տակ գտնվող կառույցները, պաշտոնյաները հասկանում են, որ ժամանակի խնդիր է, և որևէ մեկը չի ուզում խորը թաթախվել այսօրվա խնդիրների մեջ ու պատասխանատվություն կիսել գնացող վարչապետի հետ: Քաղաքականության մեջ ընդունված և հատկապես ԱՄՆ-ում հաճախ օգտագործվող ֆրազ կա՝ «կաղ բադիկի կարգավիճակ»: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, պայմանական ասած, «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանությանն էլ չի տիրապետում: Կարող է որոշումներ ընդունել, որոնք կարող են կատարվել կամ չկատարվել: Ն. Փաշինյանն առնվազն լիակատար չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին ու չի ղեկավարում երկիրը»:

Ըստ քաղաքագետի, նկարագրված իրավիճակը վտանգավոր է հետևյալ առումով.

«Ունենք դեպրեսիոն վիճակ, անորոշություններ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, անորոշություն և բառի բուն իմաստով բարդակ սահմանների ճշտման, գերիների, անհետ կորածների հարցում: Այսինքն, երբ որևէ մեկը որևէ հարցով չի զբաղվում, իսկ հենց Ն. Փաշինյանին դիմում են՝ ասում է՝ հիմա Պուտինին կզանգեմ, ակնհայտ է դառնում, որ մենք չունենք ռեալ լեգիտիմություն ունեցող իշխանություն, որը կարող է թե՛ բանակցել արտաքին աշխարհի հետ, թե՛ փորձել կառավարել երկիրը ամեն րոպեի ռեժիմով ու աշխատեցնել բոլոր կառույցները:

Տեսանյութեր

Լրահոս