Քաղաքական հայացքների նկարագիր. Գործադիրում աշխատանքի անցնելու թոփ պահանջները
Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո, նախարարությունում փնտրում են նրան արժանի տեղակալի:
Այսօր նախարարության կայքէջում, ապա ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարությունը, որտեղ թվարկվում են անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտությունները.
«Կրթություն
Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով
Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով
Խորը վերլուծական ունակություններ
Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)
Քաղաքական հայացքների նկարագիր
Երեք հիմնական արժեքները
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է»:
Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում աշխատանքի ընդունվելիս կարևորվում է քաղաքական հայացքների նկարագիրը:
Իսկ յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով նկարագրելու համար էլ, թերևս, պետք է ունենալ վարչապետի կախարդական փայտիկը և 100 փաստերի բրոշյուրը՝ որպես օրինակ:
Ինչ խոսք, այս պահանջներին համապատասխանող թեկնածուն կկարողանա նաև բեկում բերել մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ:
Թե ո՞վ է մարդկային ռեսուրսների կառավարման այն հրաշալի մասնագետը, որը կարողացել է այս ութ կետերով այսքան ակնառու կերպով ներկայացնել ներկա իշխանությունների ողջ թշվառությունն ու պերճանքը, դեռ պարզ չէ, բայց նրան անկեղծության և ազնվության համար, ինչ խոսք, պետք է երախտապարտ լինել:
Նկատենք՝ այս հրաշալի ութնյակը թավշյա իշխանությունների միակ թավշյա պահանջների ցանկը չէ, որ իրարանցում առաջացրեց. առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար ընդունելության թեստի ձևանմուշը, որում, ի թիվս այլ հարցերի՝ մրցույթի մասնակցից պահանջվում էր՝ «Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ»: