«Այս իշխանությունները երբեք չեն մտածել հաղթանակի մասին». ՀՅԴ երիտթևի անդամ
Օպերայի բակից մեկնարկել է «Արժանապատվության» երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մինչև երթի սկիզբը ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով ենք տանուլ տվել պատերազմը:
«Ի տարբերություն այսօրվա գործող իշխանության՝ մեզ համար մեր երկրի պատմությունը չի սկսվում 2018 թ.-ից: Մենք պատմություն գիտենք, իսկ պատմությունը կրկնվել գիտի, ունենք դարավոր թշնամի, և վերջապես 2016թ.-ին եղավ պատերազմը, բոլորիս համար պարզ էր, որ լինելու է այս պատերազմը, բայց օրվա իշխանությունները, նրանց վարած քաղաքականությունը, մեր հայրենակիցներին շերտերի բաժանելը, սևերի ու սպիտակների բաժանելը, մեր եկեղեցուն թիրախավորելը, մեր դպրոցները թիրախավորելը, մեր ընտանիքները թիրախավորելը բերելու էր այսօրվան, որ մենք չկարողանայինք հաղթել այս պատերազմը: Բոլորս այս երկու տարվա ընթացքում տեսել ենք, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը, տեսել ենք, որ բազմիցս ծաղրել են ազգայինը, տեսել ենք, որ ցանկացած մի փոքր գերատեսչություն չեն կարողացել ղեկավարել, ուր մնաց՝ պատերազմ ղեկավարեին, ուր մնաց՝ այս տեսակ թշնամուն, որ մենք ունեինք, կարողանային հաղթել»,- ասաց Սարգսյանը:
Նա պնդեց, որ գործող իշխանությունը հաղթական տրամադրվածություն չի էլ ունեցել, հակառակը, մերժել է այն առաջարկները, որոնք կարող էին պատերազմը բերել հաղթական ավարտի:
«Այս իշխանությունները երբեք չեն մտածել հաղթանակի մասին: Դեռ պատերազմը չսկսված՝ այս իշխանություններն արդեն մտադրված էին պարտության, մտադրված էին հողեր հանձնելու: Բազմաթիվ առաջարկներ են եղել, ընդդիմության կողմից առաջարկ է եղել՝ օգնեն, որ մարդիկ ներգրավեն նախկին իշխանությունից, նախկին նախագահները, արտախորհրդարանական ուժերը, որ լինի ռազմական շտաբ և ղեկավարի, որը կարող էր բեկում մտցնել այս պատերազմի մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է: Նրանց վարած քաղաքականությունը, այն բարդակը, որ մտցրել էին պատերազմի ընթացքում, մենք տեսել ենք, թե ինչ ձևով են ՄՈԲ-ին բերել ու ուղղակի, բառիս բուն իմաստով, ավտոբուսից իջեցրել առանց որևէ մեկի, մեկը չի եղել, որ հրահանգավորի էդ մարդկանց՝ ինչ ձևով շարժվեն, ինչ գործողություններ անեն»,- ասաց Գոռ Սարգսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պնդումներին, թե որևէ մեկը հող չի հանձնել, այդ տարածքները կորսվել են կռվի ընթացքում, պատերազմի մասնակից Գոռ Սարգսյանը հակադարձում է.
«Պատգամավորներին հարց տվեք, թե ինչի՞ համար իրենք և առհասարակ «Իմ քայլը» խմբակցությունը և նրանց թիմը Գորիսից այն կողմ չանցավ, ե՞րբ տեսան էդ կռիվը, ե՞րբ էին հասկանում իրանք էդ կռվից, որ մտածում են, թե կռվով հանձնեցինք: Քարվաճառն առանց փամփուշտի է հանձնվել թուրքին, 3-4 օր ուժեղ մարտեր են եղել, մեր տղաները ուղղակի հետ են շպրտել, և դիակները լցված են եղել այդ ձորերում, նույնը՝ Շուշին, Շուշին հանձնելը եղել է քաղաքական որոշում: Մի նեղ արանքով են մտել, շատ հարցեր կան, որ պետք է պատասխանեն: Անդրանիկ Քոչարյանը թող գնա հանձնաժողով ստեղծի, և վերլուծեն, հասկանան, թե պատերազմի արդյունքն ինչո՞ւ այսպես եղավ»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնից Փաշինյանի չհեռանալու տրամադրվածության մասին ՀՅԴ-ական երիտասարդն ասաց.
«Վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես նրան որպես ադեկվատ մարդ չեմ գնահատում այսօր: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, այսօր չունեմ վարչապետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում