«Սերունդներ կործանվեցին, բացի տարածքներ կորցնելը». Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր ասուլիսի ժամանակ պատմեց, որ երեկ հանդիպել է Հադրութից Հայաստան եկած մի խումբ մարդկանց հետ ու չի կարողանում մոռանալ տեսածը:
«Սերունդներ կործանվեցին, բացի տարածքներ կորցնելը: Հադրութից եկած խմբի մեջ մի մայր ողբում էր, թե ի՞նչ է թողել, արցունքի առվակներ էին հոսում, տղան 10 տարեկան կլիներ, խոշոր աչքերը բաց՝ նայում էր մորը, դա այլևս կործանված սերունդ է, հիշում ու չեմ կարողանում ինձ զսպել»,- ասաց Դավոյանը:
Բանաստեղծը հիշեցրեց, թե ի՞նչ ունեինք մինչև պատերազմը: Նա նշեց, որ իր կարծիքով՝ նախորդ երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, պատերազմ հաղթած մարդիկ էին, ովքեր իրենց զինակիցների հետ պարտադրել էին Ադրբեջանին զինադադար խնդրել, և փորձում էին անկախությունից և երկրաշարժից հետո ոտքի հանել Հայաստանը:
«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանց վրիժառությանը, ագրեսիային չափ ու սահման չկար, արյունահեղության ծարավ, այունահեղության հեղինակներ էին, մեջտեղ գցեցին ամենակեղտոտ արտահայտությունը՝ ղարաբաղցիներ և հայաստանցիներ»,- ասաց Դավոյանը:
Բանաստեղծը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է չսպասեր, որ պահանջեն իր հրաժարականը:
«Թուղթը ստորագրելուց հետո, ձեռքի գրիչը կողք դնելուց հետո պետք է բարձրանար և հայտարարեր իր հրաժարականը: Չի եղել սկզբից ո՛չ բարոյականություն, ո՛չ մարդկային արժանապատվության նշույլ, եթե մի արտահայտությամբ նկարագրելու լինեմ՝ աղբանոցից դուրս եկած ստահակ, որ եկավ ու հայտարարեց, որ բոլորին բոմժ եմ դարձնելու»,- ասաց Դավոյանը:
Բանաստեղծը հավատում է, որ ինչ-որ բան փոխվելու է, բայց վստահ չէ, որ մենք դա կարող ենք անել միայն սեփական ուժերով:
«Ղարաբաղի ժայռեղեն ժողովրդին վերածեց ավազի, փշրեց ժայռերը, հիմա էլ շաղ է տալիս ամբողջ աշխարհով մեկ»,- բանաստեղծին հատուկ խոսքով եզրակացրեց Ռազմիկ Դավոյանը: