«Կգնա, չի մնալու». Տիգրան Հեքեքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ պատերազմից հետո մենք ունենք լիակատար անորոշություն բոլոր բնագավառներում: Նրա պնդմամբ՝ Հայաստանում լիակատար քաղաքական, տնտեսական ճգնաժամ է, բայց հիմա շատ ավելի կարևոր է այս իրավիճակից դուրս գալը:

«Մենք ուղղակի ազատ անկում ենք ապրում, մեծ թափով իջնում ենք ներքև, մինչև կհասնենք հատակին: Ամենացավալին այն է, որ որևէ փորձ չենք անում ինչ-որ ճյուղից, մետաղից, լարից բռնվել, մեղմել մեր ընթացքը, որ գուցե հասնելով ներքև՝ չմահանանք, այլ ջարդվենք, ջարդուխուրդ եղած, բայց շարունակենք ապրել»,- ասաց Հեքեքյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի մի մասը կորցնելուց հետո հանրային լայն ընդվզում չկա, Հեքեքյանը պատասխանեց, որ ընդվզում կա, սակայն շատերն ուղղակի փողոց դուրս գալ, արտահայտվել  չեն ուզում:

«Ընդվզում կա ցանկացած մարդու մեջ, ում հետ շփվում եմ, բայց մարդիկ էլ չեն ուզում ինչ-որ ձևով դա արտահայտել: Երբ մտավորականները մի քանի հոգով որոշեցին  հավաքվել, ես, իհարկե, գնացի, և այդ օրը որոշվեց, որ հաջորդ օրը 12-ին պետք է հավաքվեն, չնայած հասկանալի էր, որ կիրակի է, ուր ենք գնալու, չգիտեմ, բայց ինձ համար կարևոր է, որ մենք ցույց ենք տալիս մեր անհանգստությունը մեր երեխաների, տղաների համար, բնազդաբար դուրս ես գալիս, չես ասում՝ ո՞վ ասեց, ի՞նչ ասեց: Ես ուզում էի ցույց տալ իմ զորակցությունն այն հայրերին ու մայրերին, որոնց երեխաներն այսօր գերության մեջ են, և ում ոչ թե ժամը, օրը, այլ րոպեն ճակատագրական է, որովհետև շատ փոքր երևակայություն պետք է ունենալ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում այնտեղ մեր տղաների հետ»,- ասաց դիրիժորը:

Տիգրան Հեքեքյանը պատմեց, որ հաջորդ օրն ինքն արդեն գնացել է իր ամբողջ ընտանիքի հետ, սակայն տեսել է, որ եկածների թիվը չի հասնում 500-ի:

«Շատ տհաճ խոսակցություն ունեցա իմ շատ մտերիմ ընկերների հետ, որոնք ասում են՝ մենք էլ չենք հավատում, մի անգամ գնացինք, դուրս եկանք, խաբվեցինք, ես էլ չեմ մասնակցի: Ես հետո շատ տգեղ խոսակցություն ունեցա իմ երգչախմբի երեխաների հետ, որոնք մեծ են, և փոքրերի ծնողների հետ: Ասացի՝ դուք տեսե՞լ եք, թե ինչ է անում կովը, երբ մորթում են իր ցլիկներին, մեկն ասաց, որ տեսել է, մյուսները չէին տեսել: Ասացի՝ կովը շարունակում է իր դիմաց շպրտած խոտն ուտել, որովհետև կով է: Մարդուն բոլորովին հարիր չէ մնալ անտարբեր, ես չեմ ուզում ասել, որ դա կարող է լինել իմ երեխան, նա հենց իմ երեխան է, իմ տղան է, գնացել է այնտեղ պաշտպանելու երկիրը և այօսր ուզում է բարոյական աջակցություն: Իր ականջին կհասնի, հոր, մոր ականջին կհասնի: Մեկն ասում է՝ ես չեմ հավատում Հրանտին, մյուսն ասում է՝ ես չեմ հավատում Մհերին, է մի հավատա, դու հո հավատո՞ւմ ես, որ գերի ունես: Դուրս արի, որ մարդիկ տեսնեն, որ մենք կով չենք»,- ասաց Հեքեքյանը:

Երաժիշտ, մտավորական Հեքեքյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարություն կոչված փաստաթղթին, նրա բնորոշմամբ՝ փաստաթղթում ընդգրկված դրույթների իրագործումը շարունակում է  խառնաշփոթ առաջացնել, քանի որ ոչինչ հստակ չէ, թե ո՞ր գյուղն ենք տալիս, ո՞րն է մնում:

«Մեզ խաբել են առաջին օրվանից, երկու տարի առաջ, երբ եղավ հեղափոխություն կոչվածը, բանից պարզվեց՝ իշխանափոխություն էր, թավշյա, շատ գեղեցիկ արված՝ ի պատիվ իրենց, հանգիստ, գեղեցիկ, աշխարհը պիտի նայի, ասի՝ եթե ուզում եք անեք, տեսեք հայերը ոնց են անում: Վատն այն է, որ խաբեցին մի ամբողջ ժողովուրդ, շարունակեցին խաբել երկու տարի, հիմա էլ շարունակում են խաբել: Ամեն ժամ են խաբում»,- ասաց նա:

Հեքեքյանը նախ կոչ արեց  դադարեցնել իրար վրա ցեխ շպրտելու պրակտիկան, փոխարենը՝  հանդուրժողականություն քարոզել, քանի որ այս իրավիճակն ի վնաս մեզ է.

«Ես ուղղակի ուզում եմ՝ վերջակետ դրվի, էլ իրավունք չունենք, պետք է բռնվենք իրարից: Մենք միասին վայր ենք իջնում և միասին պետք է փորձենք վեր հառնել»:

Ապա ասվածից հետո ստորակետ դնելով՝ շարունակեց  միտքը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով  նախկիններին, ասում է՝ նախորդ իշխանություններն են ցանել այն սերմերը, որոնց պտուղն այսօր քաղում ենք:

Տիգրան Հեքեքյանն անդրադարձավ նաև  2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի քայլով հիացած ու ոգևորված ելույթներ ունեցող արվեստագետներին, որոնք այսօր մեկը մյուսի հետևից սխալները գիտակցելու և  ընդունելու մասին են ելույթներ ունենում:

«Մարդն իրավունք ունի սխալվելու, արվեստագետներն ընդամենը արվեստի մարդիկ են, նրանք ամենահուզական մարդիկ են: Ես հավատում եմ, որ Միքայել Պողոսյանն իրապես հիացած էր, քանի որ մենք ֆեոդալիստական հասարակարգում էինք, շատ տհաճ հասարակարգում էինք, կապ չունի, որ խախանդ էր վիճակը, ի վերջո, Լավրովյան պլանը հենց այդ ժամանակ հասունացավ: Արվեստագետն ու մտավորականը տարբեր բաներ են: Մտավորականը կարդում է, վերլուծում է, գնում է  առաջ, մի՛ պահանջեք արվեստագետներից, իրենք ոգևորված գնացել են, ոգևորված հետ են գալիս: Բայց ինչի մենակ իրե՞նք են, ո՞ւր են մեր գիտնականները, պատմաբանները, ֆիզիկոսները, որոնք խելոք մարդիկ են»,- ասաց նա:

Տիգրան Հեքեքյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, բայց  դա պետք է կազմակերպեն ընդդիմադիր քաղաքական ուժերը:

«Նախկին և ներկա քաղաքական ուժերի խնդիրն է՝ գտնել ձևը, հանել ժողովրդին, չհանել, դավադրություն անել, թե ինչ, ազատել քաղաքական դաշտը նախկին, պարտված, բարոյալքված, արժեքազրկված այս ուժից, ոնց էս ուժն եկավ իրենց մաքրեց, հիմա թող իրենք ռևանշ անեն, գան սրան մաքրեն: Ինքն իրենով չի մաքրվում, չի ուզում, կամ ճար չունի, կամ ժամանակը չի: Ես կարծում եմ, որ իր վրա դրված է պարտականություն, որը պարտավոր է վերջացնել, երևի էլի տալու բան կա: Կգնա, չի մնալու»,- ասաց Հեքեքյանը:

Տեսանյութեր

Լրահոս