«Իմ ընկերների մի մասն առնվազն վնասվածքներ ունի». ՀՅԴ երիտթևի անդամ

Այսօր մի շարք քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բացեցին փողոցն ու բերման ենթարկեցին քաղաքացիներին: ՀՅԴ երիտթևի անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ընկերների մեծ մասը բերման են ենթարկվել:

«Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, կոնկրետ թիվ ասել չեմ կարող, ինքներդ տեսաք, որ ակցիայի մասնակիցների կեսից ավելին արդեն տեղում չեն: Գիտեմ, որ իմ ընկերների մի մասն առնվազն վնասվածքներ ունի, տեսաք, թե ինչպես էին իջեցնում տրոլեյբուսի վրայից: Ուզում եմ շեշտել, որ որևէ մեկիս ոչ առողջությունը, ոչ վնասվածք ունենալ-չունենալը  չի կարող որևէ դերակատարություն ունենալ, այս ակցիայի միակ նպատակն ազգադավ ուժին իշխանությունից հեռացնելն է»,- ասաց Վարդանյանը:

Այս ընթացքում ցուցարարները «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով շարժվում են դեպի Կառավարության շենք: Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են ոստիկանները խոչընդոտում իրենց խաղաղ ակցիան, ՀՅԴ երիտթևի անդամը պատասխանեց, որ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է՝ չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր սպառնում են իր աթոռին:

«Ռեժիմը խուճապի մեջ է: Եթե հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես իրենց աթոռը, մենք արդեն այս վիճակում չէինք լինի»,- ասաց Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս