«Փաշինյանի քաղաքական ապագան Մոսկվայում չեն տեսնում»․ Տարասով
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանն աշխատանքային առաջին այցը կկատարի Մոսկվա։ Սա ընդհանրապես կլինի եռակողմ տխրահռչակ հայտարարության ստորագրումից հետո առաջին հայ պաշտոնյայի պաշտոնական այցը ՌԴ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Մոսկվայում տեղի կունենա Այվազյան-Լավրով երկրորդ հանդիպումը
Առաջիկա այցի շրջանակում նախատեսվող Այվազյան-Լավրով հանդիպումը լինելու է երկրորդը՝ ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Լավրովի և Շոյգուի գլխավորությամբ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել էր երկու ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, որի ընթացքում Այվազյանն ընդգծել էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։
Նա նշել էր, որ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։ Հարկ է նշել նաև՝ Արա Այվազյանն այս ընթացքում, դատելով ՀՀ ԱԳՆ հաղորդագրություններից, ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ հասցրել է ունենալ մի քանի շփումներ։
Երևանում ու Մոսկվայում ակնկալում են արտաքին քաղաքականության վերանայում
Այս այցի նկատմամբ մեծ է ուշադրությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Մոսկվայում, կան նաև որոշակի ակնկալիքներ, որոնք տարբեր են Երևանի և Մոսկվայի դեպքում, թեև պաշտոնական Երևանի դիվանագիտությունը ձախողվել է, չնայած այլ կարծիք ունի նորանշանակ նախարար Արա Այվազյանը, ավելին՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատերազմի և դրա արդյունքների տեսքով մեծ հարված է ստացել, դրա հետևանքով թուլացել են ՀՀ բանակցային դիրքերը, ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ընկալումն աշխարհում, էապես նվազել է երկրի ինքնիշխանությունը և խնդիրները միայնակ լուծելու, դրանք հասցեագրելու կարողությունը։
Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականության կոնցեպտը հանրության ինտելեկտուալ հատվածի՝ մասնագետների, փորձագետների, դիվանագետների կարծիքով, լուրջ վերանայման, վերաիմաստավորման, փոփոխությունների կարիք ունի, որն այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի օրոք դժվար իրականանալի խնդիր է։
Մոսկովյան քաղաքական շրջանակներում ևս, մեր տեղեկությունների համաձայն, կա կարծիք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տապալվել է, ուստի վերանայման կարիք ունի, սակայն վերանայման բովանդակության հարցում, քիչ հավանական է, որ կձևավորվի լիարժեք կոնսենսուս, կամ այն կլինի արհեստական։
Այվազյանից ռուսական կողմն ակնկալելու է նոր շեշտադրումներ
168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով Այվազյանի առաջիկա այցից ռուսական ակնկալիքներին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ռուսական պատկերացումներին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ ասաց, որ Այվազյանը փոխարինում է Զոհրաբ Մնացականյանին, ով փորձառու կադրային դիվանագետ էր, իր ողջ կյանքում աշխատել էր արտերկրում, և նրա նշանակմամբ Փաշինյանը հույս ուներ իրականացնել արդյունավետ բազմավեկտոր քաղաքականություն՝ հաշվի առնելով Մնացականյանի արտերկրի փորձն ու կապերը։
«Փաշինյանի քաղաքականությունն էր նա փորձում վարել՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ կապեր Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ այդ քաղաքականությանը ոչ ոք աշխարհում չի աջակցում, դա նաև ցույց տվեց, թե ինչպիսի գործընկեր է Ռուսաստանը Հայաստանի համար։ Ներկայումս ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը դիտարկվում է՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, բայց դա Փաշինյանի քաղաքականությունն է, իսկ փոխվե՞լ է արդյոք Փաշինյանի քաղաքականությունը, նրա դիրքորոշումները դեռ չենք զգում։ Այնուամենայնիվ, այցի առաջին ուղղությունն այն է, որ Մոսկվան հետևելու է, թե ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ինչ որոշումներ են կայացվելու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում և համաձայնությունները։ Մոսկվայի համար այս պահին կարևոր է, որպեսզի կողմերը հետևեն եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որն էլ կլինի այս այցի բովանդակությունը։ Շատ կարևոր հարցեր կան և հայաստանյան դիվանագիտության առջև առաջիկայում լուրջ խնդիրներ են բացվելու, քանի որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի, պետք է այն սկսել զրոյից, նոր կետերից, քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, և այս ֆոնին շատ կարևոր է, թե ինչպես է իրեն դրսևորելու Հայաստանը։ Սա առանցքային հանգամանք է, թե ինչպես է վերանայելու իր արտաքին քաղաքականությունը և ինչպես է աշխատելու իր գլխավոր գործընկերոջ հետ։ Իհարկե, չենք կարծում, որ Հայաստանը չպետք է համագործակցի իր մյուս գործընկերների և ողջ աշխարհի հետ, սակայն իրավիճակ է փոխվել, և Ռուսաստանն իրեն դրսևորել է՝ որպես գլխավոր գործընկեր, Հայաստանին չաջակցեց ոչ մի այլ երկիր։ Այցից ակնկալիքներն այս հանգամանքի վրա են»,- մանրամասնեց Տարասովը՝ ըստ էության ակնարկելով, որ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի անվերապահ փոփոխություն ռուսական ուղղությամբ։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, ով Մոսկվայի կողմից դիտարկվում էր՝ որպես արևմտամետ գործիչ, իրենց կարծիքով՝ այլևս ռուսամե՞տ է դարձել, Տարասովը պատասխանեց, որ Փաշինյանի հետ կապվում է շատ լուրջ պարտություն, բոլորն են դա հասկանում։
Ըստ նրա, Մոսկվան և այլ գործընկերները նրան դեռ աջակցում են, այսպես ասած, հանուն Հայաստանի պետականության, որպեսզի իշխանության փոխանցումն անցնի սահմանադրական ճանապարհով։ «Բոլորն են հասկանում, որ նա ապագա չունի, Փաշինյանի ապագան չենք տեսնում։ Նոր Հայաստան պետք է լինի, նոր կոնցեպցիա, նոր մարդիկ»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Մոսկվան չի միջամտում ներքին քաղաքականությանը։
Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս Մոսկվան կդիտարկի այն, որ պահպանվի կամ գուցե խորացվի բազմավեկտոր քաղաքականությունը, Տարասովն ասաց, որ կարող է և այդպես լինել։ «Շատ հետաքրքիր հարց է։ Մեր խաղաղապահները Ղարաբաղում են, մենք բացում ենք հաղորդակցությունը, վերականգնում ենք Ստեփանակերտի օդանավակայանը, առաջիկայում կլինեն Մոսկվա-Ստեփանակերտ ուղիղ չվերթեր, մենք առանց Երևանի կպայմանավորվենք Ստեփանակերտի հետ։ Մեզ պետք կլինի՞ Երևանը։ Ես ասում եմ այն, թե ինչ ուղղությամբ կարող է ամեն ինչ ընթանալ, քանի որ մենք այնտեղ ենք, մենք տեղում պայմանավորվում ենք, այդ հեռանկարը կա, որի դեպքում Երևանի դիրքորոշումներն արդեն կարող են աննշանակալի լինել»։
Մոսկվան չի դիտարկում ՀՀ-ի հետ միութենական պետություն ձևավորելու հարց
Անդրադառնալով խոսակցություններին, որ նախատեսվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և նրա առաջարկը՝ Ռուսաստանի հետ միութենական երկիր ձևավորել իր վարչապետության պահպանման դիմաց՝ Տարասովն ասաց, որ նախ՝ նման նախաձեռնություն իսկապես պետք է գա Հայաստանից։
«Սակայն ասեմ իրականում այն, ինչ կա՝ Մոսկվան դրանով հետաքրքրված չէ, պետությունը պահելու կողմնակից է, քանի որ ունի ինտեգրացիոն կառույցներ, Հայաստանը դրանց անդամ է, միութենական երկիրը ենթադրում է լիովին այլ պատասխանատվություն, այլ աշխատանք, ներկայումս ռեալ նման ցանկություն չկա, նման հարց չի դիտարկվում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։