«Այս բոլոր նշանակվածները բեսպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել». Աղվան Վարդանյանը՝ նոր նախարարների մասին
Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած կադրային փոփոխություններին:
Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո մեկը մյուսի հետևից պաշտոնանկ եղան Արտաքին գործերի, Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի նախարարները:
«Այսօր էլ փաստորեն Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է, այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը, աբսուրդ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ զարմանալի է նախարարների փոփոխությունն այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարել է, որ Կառավարությունը հնարավոր ամեն բան արել է: Վարդանյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, թե ովքե՞ր են փոխարինում նախկին նախարարներին:
«ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀԱԿ-ական է, երկար տարիներ սրա կուռքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո, նաև հիմա, նրա կուռքը Նիկոլն է: Ես կռապաշտ կրթության, մշակույթի նախարար չեմ պատկերացնում: Այդ մարդը նախարար նշանակվելուց 3 օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով Պաշտպանության նոր նախարարին՝ քաղաքական գործիչը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բանակն արդիականացնելու մասին էր խոսում:
«Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ, ով քիմիկ-պոդվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-ին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին: Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի և սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին փոխարինել է menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
«Նախկին ու ներկա բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյան, իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական և թուրքական շուկա: Մի բան հուշեմ: Մեկ ուրիշ կայք կա՝ shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին, նշանակեն հեռահաղորդակցության նախարար, կապ այն աշխարհի հետ»:
Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանին, ասաց.
«Պատերազմի օրերին՝ հոկտեմբերին, հետ է կանչվել Մեքսիկայից, նշանակվել փոխարտգործնախարար: Արցախյան բանակցություններից մղոններով հեռու, տեղեկացանք լրատվամիջոցներից, որ հիմա էլ զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով»:
ԱԻՆ նորանշանակ նախարարին Աղվան Վարդանյանը չի ճանաչում, սակայն դատում է վերջին իրադարձություններով:
«Ամոթալի պարտության հերոս գեներալ, ամեն ինչ ասված է»:
Բացի նախարարներից, այս օրերին եղել են նաև այլ նոր նշանակումներ: Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը։
«Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ քայլը» խմբակցության տղամարդ Սասուն Միքայելյանի քենակալը, թե աներձագը: Նույն Կոտայքի մարզկենտրոնի՝ Հրազդանի քաղաքապետն էլ նրա տղան է: Դուք ասեք՝ որտե՞ղ է այսօր Սասունը: Մանվել Գրիգորյանը 20 տարի երկրապահի նախագահ է եղել, նրա մահվան կապակցությամբ Սասունը մի բառ ասե՞լ է: Նոյեմբերի 9-ից հետո Սասունը մի բառ ասե՞լ է»:
Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ այս նշանակումները կարող են լինել շարունակվող ինչ-որ սցենարի մի պտուտակ:
«Այս բոլոր նշանակվածները բեսպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել»,- ասաց Վարդանյանը: